ՖԻՆՔԱ-ի «Անհոգ մանկություն» սոցիալական նախագիծը շարունակական բնույթ ունի: Նախագծի շրջանակում ամեն տարի ՖԻՆՔԱ-ն հանդես է գալիս նոր ու հետաքրքիր նախաձեռնություններով, որոնք ավելի լուսավոր են դարձնում Հայաստանի տարբեր անկյուններում բնակվող երեխաների առօրյան, ջերմություն ու հոգատարություն են փոխանցում նրանց և նրանց մանկության վառ հիշողություններին ավելացնում ևս մեկը: Ամեն տարի ՖԻՆՔԱ-ն յուրովի է նշում սեպտեմբերի 1-ը` Գիտելիքի, գրի և դպրության օրը: Այս տարին յուրահատուկ էր, քանի որ ՖԻՆՔԱ-ն սեպտեմբեր ամսին առաջին դասարանցիների հետ նշելու միանգամից երկու առիթ ուներ` առաջին մուտքը դպրոց և Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձը:

Նախաձեռնության շրջանակում ՖԻՆՔԱ-ի աշխատակիցներն այցելեցին Հայաստանի տարբեր համայնքների 152 դպրոցներ և 3600 առաջին դասարանցիների տոնն էլ ավելի գունավոր դարձրին. ՖԻՆՔԱ-ի լոգոյով սպորտային ուսապարկերը երեխաների ուրախության առիթը դարձան:

Իր «Անհոգ մանկություն» նախագծի ողջ ընթացքում ՖԻՆՔԱ-ն մեծ ուշադրություն է դարձրել նաև հատուկ նշանակության դպրոցների, մանկատների և գիշերօթիկ դպրոցների երեխաներին, ովքեր հոգատարության և ջերմության կարիք են զգում: ՖԻՆՔԱ-ի անակնկալն այս տարի ևս չշրջանցեց այս երեխաներին: Ընկերության անձնակազմն այցելեց նաև Երևանի խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն և Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 15 հատուկ կրթահամալիր:

Երեխաների համար սեպտեմբերն առատ էր կարևոր ու խոստումնալից իրադարձություններով` առաջին ուսումնական տարի, անկախ Հայաստանի 25-րդ տարեդարձ, որոնց մասին նրանք կհիշեն ամեն անգամ իրենց նոր ուսապարկերով դասի գնալիս: