Աննա Կարապետյան՝ ՖԻՆՔԱ-ի Տնօրինության գրասենյակի առաջատար մասնագետ

Աննա Կարապետյանն իր մասնագիտական ճանապարհը մեկնարկեց Երևանի պետական ճարտարագիտական համալսարանից՝ ուսանելով էներգետիկայի էկոնոմիկա, այնուհետև մեկնեց Ստոկհոլմ՝ սովորելու Թագավորական տեխնիկական ինստիտուտի մագիստրատուրայում, ու թեև մասնագիտացումը զուտ տեխնիկական էր, դա էր այն ճանապարհը, որը պետք է տաներ նրան բացահայտելու կյանքը, աշխարհն ու բնությունը բոլորովին այլ աչքերով և մտահորիզոնով:

 

Ինչպե՞ս սկսեցիք Ձեր աշխատանքային գործունեությունը, երբ վերադարձաք Շվեդիայից:

Ստոկհոլմից վերադառնալուց հետո աշխատանքի անցա Արմհիդրոէներգանախագծում, որը զբաղվում էր Մեղրիում Արաքս գետի վրա կառուցվելիք ՀԷԿ-ի նախագծման աշխատանքներով: Դա հայ-իրանական համատեղ նախագիծ էր, որտեղ ես հիմնականում թարգմանչությամբ էի զբաղվում: Այս աշխատանքի ամենամեծ փորձառությունն ինձ համար այն էր, որ բացահայտեցի Մեղրին և մեղրեցիներին, բացահայտեցի ու սիրեցի նրանց, նրանց առօրյան, պարզությունն ու հյուրընկալությունը, որը հաճախ վարդի օղու  համառ հյուրասիրություններով էր ամրապնդվում: Ականջիս շատ գեղեցիկ էր հնչում մեղրեցիների բարբառը, որը սկզբում անհասկանալի, բայց այնուհետև հարազատ դարձավ:

Մի քանի ամիս այնտեղ աշխատելուց հետո փոխեցի գործս և աշխատանքի անցա Հիդրոէներգետիկա ՍՊԸ-ում։ Ընդգրկված էի գերմանահայկական համատեղ պիլոտային ծրագրում՝ Հայաստանում փոքր ՀԷԿ-երի վերանորոգման ու նորերի կառուցման ֆինանսավորմանն ուղղված: Մենք զբաղվում էինք ուսումնասիրություններով և մասնագիտական կարծիքներ տալիս:

Anna Karapetyan

Աննա, այդքան կանացի կերպար ունեցող աղջկա համար բարդ չէ՞ր աշխատելը տեխնիկական ոլորտում:

Anna Karapetyan

Բարդ չէր, ուղղակի խիստ տարբեր էր իմ այսօրվա հետաքրքրություններից: Ես այդ հիմնարկներին զուգահեռ դասավանդում էի նաև Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում: Բայց առաջնեկիս ծնունդից հետո իմ կյանքում շատ բաներ փոխվեցին, և ես սկսեցի ինձ համար նոր հետաքրքրություններ գտնել և նոր ոլորտներ բացահայտել: Որդուս տանելով Վալդորֆյան մանկապարտեզ՝ բացահայտեցի Վալդորֆյան մանկավարժությունը, որի ողջ հիմքը Շտայների փիլիսոփայությունն է՝ թեոսոֆիան, որում կարևորվում է այն, թե որ տարիքում և որ փուլում է գտնվում երեխան, և այդ փուլում ինչպիսի մոտեցումներ են անհրաժեշտ, որպեսզի երեխան մեծանա առողջ և կարողանա ճիշտ կառավարել իր կենսական ուժերը:  Հետաքրքրությունս բավարարելու և ոլորտին մոտիկից ծանոթանալու համար աշխատանքի անցա նաև Վալդորֆյան մանկապարտեզում:

Anna Karapetyan

Իսկ ե՞րբ եկաք ՖԻՆՔԱ:

ՖԻՆՔԱ եկա 2015 թվականին: Մոտ 2 ամիս տևող մրցութային հարցազրույցների արդյունքում աշխատանքի անցա որպես տնօրինության գրասենյակի օգնական: Պետք է ասեմ, որ ՖԻՆՔԱ-ում մթնոլորտն այնքան էր ինձ դուր եկել, որ ես ամեն օր մեծ հաճույքով էի գալիս աշխատանքի: Թիմը բավական միասնական էր, մարդիկ առանձնահատուկ ջերմ էին միմյանց նկատմամբ: Բավական հաճախ թրեյնինգներ էին կազմակերպվում, մասնագիտական աճը արագ էր տեղի ունենում: Այս 5 տարիների ընթացքում ընկերությունը 3 տնօրեն է փոխել, աշխատել եմ բոլորի հետ, յուրաքանչյուրից ինչ-որ բան եմ սովորել, հղկվել:

Եթե Ձեզ առաջարկեին որևէ բան փոխել ՖԻՆՔԱ-ում, ի՞նչը կփոխեիք:

Ես կավելացնեի թիմային մերձեցմանն ուղղված դասընթացների և միջոցառումների քանակը, մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված ծրագրեր կանեի: Երևի թե նաև այն պատճառով, որ այս ոլորտը միշտ ինձ հետաքրքրել է: Առհասարակ մարդն է ինձ հետաքրքիր՝ իր զարգացման և ներուժի անսահմանափակ հնարավորություններով, որի բացահայտումն ու կատարելագործումը միանշանակ դրական հետևանք կարող է ունենալ ընկերության զարգացման վրա:

Աննա, ի՞նչ մանկական կամ պատանեկան նախասիրություններ եք ունեցել:

Anna Karapetyan

Միշտ երազել եմ հոգեբան լինել, բայց քանի որ ծնողներս ինժեներներ էին, ինքնաբերաբար նրանց ճանապարհով գնացի: Շատ սիրել եմ նկարել, և հիմա էլ, երբ ընտանիքիցս և երեխաներիցս կարողանում եմ մի քանի րոպե ազատ ժամանակ փախցնել՝ նկարում եմ: Նկարչության միջոցով դուրս եմ հանում ներքին էությունս, մտորումներս: Դպրոցական տարիներին նաև ջութակ եմ նվագել: Երկար ժամանակ է՝ զբաղվում եմ յոգայով, որը, ֆիզիկական վարժություններին զուգահեռ, ինձ համար նաև մտքի մաքրման պրակտիկա է, խոկումներ, մեդիտացիաներ: Յոգայի արրդյունքում տարվեցի նաև հումակերությամբ, փորձարկումներ էի անում՝ բացահայտելու սննդի ազդեցությունը մարդու մարմնի և մտքի պայծառության վրա: Դա էլ շատ հետաքրքիր ոլորտ է, որտեղ շատ բան կա սովորելու:

Anna Karapetyan

Ինչպիսի՞ն են բնություն-Աննա փոխհարաբերությունները:

Ինձ բնության մեջ շատ ներդաշնակ եմ զգում: ՖԻՆՔԱ-ում աշխատելու ամենակարևոր կողմերից մեկն էլ այն է, որ գրասենյակը գտնվում է Անգլիական այգու հարևանությամբ և շատ հաճախ եմ իմ ընդմիջման ժամն այնտեղ անցկացնում: Փորձում եմ ինքս ինձ հետ լինել բնության գրկում, գիրք կարդալ, երաժշտություն լսել:

Ո՞րն է կնոջ առաքելությունն առհասարակ:

Կարծում եմ կնոջ բնատուր առաքելությունը սերունդը շարունակելն է, մարդ մեծացնելը: Բայց նաև գիտակցական ավելի բարձր մակարդակում կնոջ ամենակարևոր առաքելությունը ոգեշնչման աղբյուր լինելն է՝ առաջին հերթին կողակցի և նաև շրջապատի համար:

Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Հայաստանում կանայք լիարժեք հնարավորություն ունեն իրենց նախաձեռնություններն իրականություն դարձնելու:

Միանշանակ գնահատական տալ չեմ կարող, ավելի շուտ կասեմ, որ ինչպես բոլոր ոլորտները, այս ոլորտը ևս դեռ զարգացման կարիք ունի, չնայած նրան, որ շատ կան կանանց նախաձեռնությունների ֆինանսավորման կամ խորհրդատվության ծրագրեր: Դրանցից մեկին նույնիսկ մասնակցել եմ: Դիմել էի World Vision՝ ֆինանսավորելու և տպագրելու մանկական դաստիարակության թեմայով Նաոմի Ալդորտի “Raising our children, raising ourselves’’ վերնագրով գիրքը: Ինձ համար այս գրքի հայերեն թարգմանությունը կարևորվում էր նրանով, որ այն շատ հետաքրքիր մոտեցումներով է բացատրում, թե ինչպես ծնող-երեխա փոխհարաբերությունները սերունդների պայքարի և հակազդեցության դաշտից փոխադրել ազատության, ուժի և ուրախության հարթություն: Շատ էի ուզում այն հայ ծնողին հասանելի դարձնել, սակայն նախագիծս մրցույթում չհաղթեց:

Anna Karapetyan

Ինչպիսի՞ ընտանիք ունի Աննա Կարապետյանը:

Ես լույս աշխարհ եմ եկել և տեսել կյանքում իմ ամենամոտ ընկերոջը, հարազատին՝ ինձնից 4 տարի մեծ քրոջս, ում հետ շատ կապված եմ մինչ օրս: Իսկ իմ ստեղծած ընտանիքում ես եմ, ամուսինս և երկու որդիներս: Մեծ տղաս 12 տարեկան է և հաճախում է Արեգնազան կրթահամալիր, դաշնամուր է  նվագում, երգում է և արդեն կարատեի կապույտ գոտի ունի: Բայց նրա ամենասիրելի զբաղմունքը այգեգործությունն է: Անհնար է պատկերացնել այն տարերքը, որով 12 տարեկան տղան խնամում է մեր սեփական տան այգին: Փոքրս դեռ 4 տարեկան է՝ իր ամենահամով տարիքում: Ամուսինս երկրաբան է մասնագիտությամբ, բայց հիմա բոլորովին այլ բիզնեսով է զբաղվում:

Anna Karapetyan

Կա՞ կին, ումից ոգեշնչվել եք:

Ինձ համար ոգեշնչման աղբյուր եղել է տատիկս, ով իմ մտաբերած բոլոր տարիքներում միշտ առանձնացել է իր ընդգծված կանացիությամբ, մեղմությամբ և իմաստնությամբ: Հիմա հաճախ դիտում եմ Կարոլ Տոհամի էզոտերիկ դասախոսությունները, որոնք ինչ-որ չափով ինձ ոգևորում են: Երբեմն կարող է նաև մի պատահական անցորդ կին տեսնեմ, և նրա կերպարից ոգեշնչվեմ:

Ու՞մ եք համարում Ձեր հոգևոր ուսուցիչը:

Հոգևոր ուսուցիչ համարում եմ իմ յոգայի վարպետին՝ Տրդատ Դոնիկյանին, ով ինձ սովորեցրեց լինել կարեկից և սիրով լցված՝ կյանքի և մարդկության հանդեպ:

Դաս, որ քաղել եք կյանքում:

Միշտ հենվել սեփական ուժերի վրա:

Ի՞նչ է սերը:

Սերը բարություն է, կարեկցանք, պատրաստակամություն՝ դիմացինին, աշխարհին, մարդուն տալու ժպիտ, բարություն և այն ամենը, ինչ կարող ես տալ: Ես սերը այդպես եմ ընկալում: 

Ի՞նչ է կյանքը:

Կյանքը մեր մեծ ճանապարհի երկրային փոքրիկ հատվածն է. տրված ժամանակահատվածում ինչ-որ բան սովորելու հնարավորություն, որպեսզի կամ մենք մեր սովորածները տեղափոխենք հաջորդ կյանք, կամ մեր սովորածը մեզ տեղափոխի հաջորդ մակարդակ:

Այդ դեպքում ի՞նչ է մահը:

Վերադարձ փոքր ճանապարհից դեպի տուն: Ես այս մտքին եկա որոշ գիտելիքներ ձեռք բերելուց հետո, ուղղակի մարդկությունից շատ գիտելիքներ պահված են, իսկ երբ այդ գիտելիքներին ծանոթանում ես, ավելի խաղաղ վիճակի ես գալիս, փոխվում է մոտեցումդ առ կյանքը և աշխարհը չի կենտրոնանում միայն սեփական ես-իդ վրա: Կյանքին նայում ես, որպես հարթակ, որտեղ շատ բան կարելի է սովորել և շատ ավելին տալ մարդկությանը: Այս հարցում մտահորիզոնիս փոփոխության վրա զգալի ազդեցություն ունեցավ նաև Մայքլ Նյուտոնի «Հոգու ճանապարհորդություն. կյանք կյանքերի միջև» գիրքը:

Կարելի՞ է ասել, որ դա Ձեր սիրած գիրքն է:

Ոչ, սիրած գրքերս են՝ «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» և «Փոքրիկ իշխանը»:

Ձեր կարգախոսը՝

Իմ աշխարհը հոգ է տանում իմ մասին:

Սիրած ֆիլմը՝

«Հրեշտակների քաղաքը»:

Սիրած դերասանը՝

Մեգ Ռայան:

Սիրած նկարիչը՝

Վան Գոգ, Մինաս Ավետիսյան:

Սիրած կոմպոզիտորը՝

Առնո Բաբաջանյան:

Իդեալական տղամարդը՝

Հոգատար և սիրող, հումորով և շռայլ:

Ճակատագիր, թե պատահականություն՝

Չկա պատահականություն, ամեն ինչ պատճառահետևանքային կապի մեջ է: Չկա նաև ճակատագիր, ամեն ինչ մեր գիտակցված ընտրության արդյունքում հնարավոր է փոփոխել:

Աստված, դա…՝

Սեր է, սեր, սեր, սե՛ր: