Alisa-Tonoyan-2Ո՞րն է ձեր մանկության ամենավառ հիշողությունը:

Մինչև 7 տարեկան ընտանիքով ապրում էինք Ռուսաստանում, և իմ մանկության ամենավառ հիշողություններից մեկը առաջին անգամ Հայաստանն այցելելն ու սարերը տեսնելն է։ Հիշում եմ, որ շատ հիացած էի ու երկար ժամանակ նկարչության դասերին սարեր էի նկարում։

Դպրոցում ինչպիսի՞ աշակերտ եք եղել:

Դպրոցը շատ եմ սիրել, միշտ հաճույքով եմ հաճախել և սովորել, երբեք չեմ բացակայել դասերից։ Երկրաչափությունն ու ֆիզիկան իմ ամենասիրելի առարկաներն էին։ Նույն մեծ սիրով և պատասխանատվությամբ եմ ավարտել քոլեջն ու համալսարանը։

Ի՞նչ էիք ամենաշատը սիրում ուտել փոքր ժամանակ: Սիրո՞ւմ եք դա արդյոք հիմա:

Ամենասիրելի ուտեստը մայրիկիս պատրաստած նրբաբլիթներ են՝ և՛ այն ժամանակ, և՛ հիմա։

Ի՞նչ էիք ուզում դառնալ փոքր ժամանակ: Ի՞նչը ձեզ խանգարեց ձեր երազանքը իրականացնելու հարցում:

Փոքր ժամանակ շատ էի սիրում գրքեր կարդալ, հատկապես եգիպտական առասպելների ու առեղծվածների մասին։ Երազում էի դառնալ հնագետ, մեկնել ճանապարհորդությունների, հնագույն վայրերում մասնակցել պեղումների ու գտնել թաքնված գաղտնիքներ։ Տարիների ընթացքում նախընտրություններս շատ են փոխվել, բայց այս մեկը որպես երազանք դեռ մնացել է։

Խի՞ստ էին ձեր ծնողները:

Ծնողներս այդքան էլ խիստ չեն եղել։ Դեռ մանուկ տարիքից հաշվի են առել իմ կարծիքը, տվել որոշումների կայացման ազատություն և միևնույն ժամանակ շատ աջակցող, ըմբռնող և ընկերական են եղել։

Արտադպրոցական խմբակների մասնակցե՞լ եք:

Իհարկե, շատ վաղ տարիքից մասնակցել եմ տարբեր արտադպրոցական խմբակների։ Երկար տարիներ զբաղվել եմ նկարչությամբ և բալետային պարերով։ Սպորտային խաղերի նկատմամբ էլ մեծ սեր ունեի։ Ամենաշատը սիրում էի բասկետբոլ խաղալ։

Արդյո՞ք դեռ շփում ունեք ձեր մանկության ընկերների հետ:

Այո, ամենամտերիմ ընկերուհիս դասընկերուհիս է, ում ճանաչում եմ արդեն 15 տարի։ Չնայած նրան, որ ժամանակի ընթացքում եղել են տարիներ, երբ սովորել ենք տարբեր դպրոցներում և ապրել տարբեր քաղաքներում, մեր ընկերությունը երբեք դրանից չի տուժել։