Ani_Avetisyan-2Ո՞րն է ձեր մանկության ամենավառ հիշողությունը:

Մանկությանս ամենալուսավոր հիշողությունները իրադարձային չեն, ավելի շատ այդ պահի զգացողություններն եմ հիշում: Հիշում եմ ծնողներիս ու քույրիկիս հետ աշնանը թափվող տերևների մեջ խշխշացնելով քայլելը, թե ինչպես էր մայրս ինձ ու քրոջս մանկապարտեզից տուն տանում, մենք էլ իրար հրմշտելով ու ծիծաղից թուլացած տուն հասնում, ինչպես էինք մեր այգի մտած բոլոր թիթեռներին բռնում, հիշում եմ երեկոյան մեր զրույցները, ինչպես էր հայրս պատմում հին աշխարհի հրաշալիքներից, հին հունական լեգենդներից ու առասպելներից, համաշխարհային պատմության հետաքրքիր դրվագներից:

Ամենաջերմ հիշողությունս, թերևս, ընտանեկան հանդես-համերգներն էին: Ես ու քույրս ծնողներիս համար երգում, պարում ու ասմունքում էինք: Կազմակերպչական բոլոր մանրուքներին հետևում էինք, հրավիրատոմսեր էինք սարքում, սցենար էինք գրում: Հայրս հաղորդավարն էր՝ պաշտոնական հագնված, փողկապով, մայրս՝ միակ հանդիսատեսը:

Ինչպիսի՞ երեխա եք եղել:

«Ինչուիկ» եմ եղել՝ հարցաշատ ու հետաքրքրասեր: Ծնողներս համբերատար կերպով պատասխանում էին բոլոր հարցերիս: Հիմա գիտակցում եմ, որ անսպառ հարցերիս սպառիչ պատասխան տալու համար ինչքան բանիմաց ու ստեղծագործ պիտի լինեին։

Ի՞նչ էիք ուզում դառնալ փոքր ժամանակ:

Ի տարբերություն շատ երեխաների, ապագա մասնագիտությանս վերաբերյալ երազանքներ չեմ ունեցել։ Իհարկե, մտածել եմ տարբեր մասնագիտությունների ուղղությամբ, հիմնականում հումանիտար գիտությունների ոլորտում, բայց չեմ կարող ասել, որ հստակ երազանք եմ ունեցել: Ուրախ եմ, որ ինքս ինձ չեմ սահմանափակել ու փնտրտուքների արդյունքում գտել եմ մարքեթինգը, որով մեծ հաճույքով եմ զբաղվում:

Ո՞ր տարիքից սկսած եք հիշում ձեր մանկությունը: Ո՞րն է ձեր ամենավաղ հիշողությունը:

Վաղ մանկության հիշողություններս սկսվում են մոտավորապես երեք տարեկանից: Հիշում եմ՝ հորեղբայրս էր արտասահմանից եկել իր տղայի հետ: Մի ճոճանակ ունեի, պապս էր սարքել, շատ-շատ էի սիրում: Հորեղբորս տղայի հետ վիճում էինք, թե որ մեկս պիտի ճոճվի: Վերջում երկուսս էլ տեղավորվեցինք: Դեռ ունեմ այդ ճոճանակը, մեր այգում է, շաբաթ-կիրակի օրերին առավոտյան իջնում եմ այգի, ճոճվում ու սուրճ խմում:

Խի՞ստ էին ձեր ծնողները:

Երբ փոքր էի, հայրս շատ խիստ էր, հատկապես այն բաների նկատմամբ, որոնք կարող էին իմ ու քրոջս աշխարհայացքի, մտածելակերպի ու ճաշակի վրա ազդեցություն ունենալ: Հատուկենտ հեռուստահաղորդումներ էինք դիտում, առօրյայում օգտագործում էինք (ու մինչ այժմ էլ օգտագործում ենք) մաքուր ու գրական հայերեն, երաժշտության որոշ տեսակներ երբեք չենք լսել: Մանկավարժների ընտանիքում մեծանալը մի յուրահատուկ փորձառություն է: Արդեն տասնհինգ-տասնվեց տարեկանից սկսած ծնողներիս հետ շփումն այլ է եղել՝ ավելի ընկերական, հավասարը հավասարի:

Քույր/եղբայր ունե՞ք: Նրանց հետ ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն էին:

Քույրս մանկությանս անբաժանելի մասն էր: Մեր միջև տարիքային տարբերությունը քիչ է, ուստի մանկության ու պատանեկության բոլոր փուլերով միասին ենք անցել: Իհարկե, մանուկ հասակում հաճախ էինք վիճում. ինքը համառ էր, ես՝ հաստատակամ: Այժմ հազվադեպ ենք վիճում, նախընտրություններով ու մտածելակերպով փոքր-ինչ նմանվել ենք իրար:

Արտադպրոցական ի՞նչ խմբակների եք մասնակցել:

Յոթ տարի աշխարհի ժողովուրդների պարերով եմ զբաղվել: Պարելը թողեցի, քանի որ դասերի հետ միասին ժամանակը չէր բավականացնում: Տարիներ հետո սկսեցի նորից պարել, այս անգամ արդեն ազգագրական: Համալսարանում ընկերներիս հետ միասին ազգագրական պարի խումբ ունեինք: Հիմա, որ հետադարձ հայացք եմ նետում, ափսոսում եմ, որ ավելի շատ արվեստով ու երաժշտությամբ չեմ զբաղվել:

Դպրոցական տարիներին բազմաթիվ ինտելեկտուալ խաղերի, բրեյն-ռինգերի ու մրցույթների եմ մասնակցել։ Անդամակցել եմ մեր տարածքային գրադարանի ինտելեկտուալ թիմին, մասնակցել «Հայ ասպետ» հեռուստամրցաշարին ու ինքս էլ կազմակերպել նմանատիպ մրցույթներ դպրոցում։