Anna-Trvants-2Ո՞րն է ձեր մանկության ամենավառ հիշողությունը:

Ամենավառ հիշողություններս կապված են ընտանիքիս հետ: Փոքր տարիքում ես ու եղբայրս միասին շատ ժամանակ էինք անցկացնում, տարբեր խաղեր խաղում ու չարաճճիություններ անում: Մեծ ջերմությամբ եմ հիշում մեր ընտանեկան երեկոները: Հիմա, երբ հիշում եմ այդ օրերը, ինձ մի ջերմ կինոնկար է հիշեցնում:

Նաև տպավորվել է մի ծիծաղելի պատմություն: Եղբայրս, բակում խաղալիս, այրել էր իր նոր գնված հագուստը: Օգնել էի եղբորս թաքնվել, այնուհետև թաքցրել էի այրված հագուստը, որպեսզի ծնողներս չիմանային այդ մասին: Մայրիկս կարծում էր, որ այն կորել է և երկար ժամանակ փնտում էր: Գրեթե մեկ տարի հետո, երբ բոլորը մոռացել էին այդ հագուստի մասին, ես պատմեցի ու թաքստոցից հանեցի հագուստները, ծնողներս բավականին ծիծաղեցին այդ պատմության վրա:

Ինչպիսի՞ երեխա եք եղել:

Մանուկ հասակում չափազանց չարաճճի եմ եղել: Բակից տուն եմ վերադարձել միշտ քերծվածքներով: Չգիտեմ, թե ինչպես էր այն ժամանակ հնարավոր լինում, բայց եղբորս հետ մեջք մեջքի էինք տալիս և բարձրանում մեր տան միջանցքի նեղ պատով: Մայրիկս էլ միշտ չէր հասկանում, թե ինչ ոտնահետքեր են պատերին:

Չարաճճիություններս ավարտ չունեին՝ մի օր ճոճվում էի տան դռներից կախված, մյուս օրը՝ այրում մեր պատշգամբի բազմոցը, հաջորդիվ գորգը, հետո հարևաններից մեկը բողոքում էր, որ նեղացրել եմ իր տղային ու կոտրել ակնոցը և այսպես շարունակ:

Ի՞նչ էիք ամենաշատը սիրում ուտել փոքր ժամանակ: Սիրո՞ւմ եք դա արդյոք հիմա:

Թե՜ փոքր տարիքում, թե՜ հիմա շատ եմ սիրում թանապուր: Առհասարակ, քիչ ուտող եմ եղել, սակայն անհավանական շատ կարող էի թանապուր ուտել:

Ի՞նչ էիք ուզում դառնալ փոքր ժամանակ: Ի՞նչը ձեզ խանգարեց ձեր երազանքը իրականացնելու հարցում:

Մանուկ հասակում երազում էի մայրիկիս նման բժիշկ դառնալ ։ Մայրիկս բժշկուհի էր, երբ անհրաժեշտ էր՝ ուսուցչուհի էր, երաժիշտ, խոհարար, կազմակերպիչ, ստեղծագործող, «Մայրիկ»։ Երազել եմ նրա նման կարողանալ և իմանալ հնարավորինս շատ բաներ։ Որոշ առումներով ստացվում է հասնել երազանքիս։

Ո՞ր տարիքից սկսած եք հիշում ձեր մանկությունը: Ո՞րն է ձեր ամենավաղ հիշողությունը:

Երևի մոտ երեք տարեկան էի, գիշերը սկսեցի լաց լինել և ծաղիկներ ուզել: Այդ ժամին բոլոր ծաղկի խանութները փակ էին: Հայրիկս ինձ ուրախացնելու համար գնաց խանութ և գնեց շոկոլադե ձվիկ: Երբ բացեցի ու հանեցի խաղալիքը, անասելի ուրախացա, քանի որ խաղալիք ծաղիկ էր:

Բակում խաղացե՞լ եք: Ո՞րն էր ձեր ամենասիրած բակային խաղը:

Շատ էի սիրում բակում ժամանակ անցկացնել ընկերներիս հետ: Սիրում էի բոլոր այն խաղերը, որոնք կապված էին վազքի հետ: Շատ արագ էի վազում և ոգևորում էի նմանատիպ խաղերից:

Դպրոցում ինչպիսի՞ աշակերտ եք եղել:

Դպրոցական տարիքում չարաճճիության նշույլ էլ չէր մնացել: Համեստ ու խելոք աշակերտ եմ եղել: Դպրոցում սիրում էի մաթեմատիկան:

Խի՞ստ էին ձեր ծնողները:

Ծնողներս խիստ չեն եղել, չնայած իմ չարաճճիություններին։ Բոլոր հարցերի շուրջ զրուցել և եկել ենք եզրահանգման։

Ինչպե՞ս եք նշել հունիսի 1-ը մանուկ ժամանակ:

Հունիսի 1-ին ընտանիքով գնում էինք տարբեր միջոցառումների։ Ինչպես բոլոր երեխաները, այդ օրը կրկնակի շատ քաղցրավենիք էինք ուտում։ Օրվա ընթացքում անպայման գնում էինք խաղային ատրակցիոններ և այնքան հոգնում, որ ծնողներս մեզ տուն էին տանում արդեն քնած:

Քույր/եղբայր ունե՞ք: Նրանց հետ ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն էին:

Այո, ունեմ եղբայր։ Եղբորս հետ անբաժան ենք եղել։ Իմ մանկության բոլոր պատմությունները հիմնականում կապված են իր հետ։

Արտադպրոցական ի՞նչ խմբակների եք մասնակցել:

Հաճախել եմ պարային խմբակների։ Այդ ընթացքում հետաքրքրված էի նաև կարատե սպորտաձևով։ Եղբայրս հաճախում էր կարատեի և յուրաքանչյուր դասից հետո նույնը սովորեցնում էր ինձ։

Արդյո՞ք դեռ շփում ունեք ձեր մանկության ընկերների հետ:

Ամենավաղ տարիքի ընկերուհիներս երկուսն են՝ արդեն 20 տարուց ավելի է։ Նրանց հետ, նույնպես, անմոռանալի հիշողություներ ունեմ։