Lusine GhambaryanՈ՞րն է ձեր մանկության ամենավառ հիշողությունը:

Առաջին դասարանի ավարտից հետո՝ ամառայի արձակուրդներին, սկսեցի հաճախել Արտաշատ քաղաքի Ստեփան Շահումյանի անվան քաղաքային ճամբար։ Քանի որ ընդամենը 6 տարեկան էի, միացա ամենափոքրերի խմբին և պատիվ ունեցա ընտրվելու խմբի ավագ։ Չեք պատկերացնի, թե ամեն առավոտ և երեկո ինչ պատասխանատվությամբ էի խմբին ուղեկցում հրապարակ՝ ասելով․ «Ջոկատ, հավսա՛ր, զգա՛ստ, քայլով դեպի հրապարակ․․․», իսկ կողքից մեծահասակներից լսում․ «տեսնում ես այս փոքրիկին․․․» ու նմանատիպ այլ արտահայտություններ։ Հուլիսի 17-ին՝ իմ ծննդյան օրը, կանչեցին կենտրոն, շնորհավորեցին ինձ և, բնականաբար, հարցրին, թե քանի տարեկան դարձա։ Ես, լրջորեն հավատալով և շուտ մեծանալու փափագով տարված, ասացի՝ ինը։ Մայրս մի շաբաթ ինձ չէր կարողանում ներել, որ ես ճիշտ տարիքս չգիտեմ․․․

Ի՞նչ էիք ամենաշատը սիրում ուտել փոքր ժամանակ: Սիրո՞ւմ եք դա արդյոք հիմա:

Խնձոր եմ շատ սիրել ուտել, հատկապես շատ էի սիրում, որ տատիկիս տանն էի լինում, անմիջապես ծառից քաղում ու գիրք կարդալուն զուգահեռ ուտում էի։ Հիմա էլ եմ շատ սիրում։

Ի՞նչ էիք ուզում դառնալ փոքր ժամանակ: Ի՞նչը ձեզ խանգարեց ձեր երազանքը իրականացնելու հարցում:

Դպրոցում երազում էի սկզբում բանասեր, այնուհետև պատմաբան դառնալ, ավելի մեծ տարիքում նախասիրությունս անցավ իրավաբանի մասնագիտությանը, վերջում տնտեսագիտական կրթություն ստացա: Նշեմ, որ խաղերիս ժամանակ հաճախ լրագրող ու հեռուստահաղորդավար էի։

Տարիների ընթացքում աշխատանքային փորձը տարբեր ոլորտներում ի վերջո ինձ բերեց մարդկային ռեսուրսների աշխարհ, ուր ես ինձ ամենաերջանիկն եմ զգում։

Բակում խաղացե՞լ եք: Ո՞րն էր ձեր ամենասիրած բակային խաղը:

Մեծ սիրով խաղում էի բակային բոլոր խաղերը: Շատ ուրախ էին անցնում «ջանգյուլում»-ները, որոնց ժամանակ 7 աղբյուրից ջուր էինք բերում, վիճակ հանում, հաջորդ օրը տներով պտտվում, իսկ երեկոյան խնջույք կազմակերպում մեր «ավարով»։ Չմոռանամ նշել նաև Վարդավառի տոնը, երբ բակի երեխաներով ստրատեգիա էինք մշակում, որ հանկարծ ոչ ոք մեր աչքից չվրիպի և առանց թրջվելու մեր բակով չանցնի։

Ո՞ր տարիքից սկսած եք հիշում ձեր մանկությունը: Ո՞րն է ձեր ամենավաղ հիշողությունը:

Ամենավաղ հշողությունս սկսում է երևի 4 տարեկանից, այն տատիկիս տան հետ է կապված․ լավ հիշում եմ առավոտը, երբ արթնացա ու պատուհանից նայելով՝ տեսա, որ, իմ պատկերացմամբ «մեկ մարդաբոյ», ձյուն էր եկել։ Մանկությունից առանձնահատուկ հիշում եմ ձմռան երեկոները,

որոնք շատ լուսավոր էին, և ամենուրեք երեխաների ուրախ ճիչեր էին լսվում։ Հիմա էլ, երբ ձյուն է գալիս, միշտ մտքում փորձում եմ վերականգնել այդ գերագույն երջանկության ձայները։

Խի՞ստ էին ձեր ծնողները:

Մայրս շատ խիստ էր, հայրիկիս հետ միշտ կարողանում էինք բանակցել:

Ինչպե՞ս եք նշել հունիսի 1-ը մանուկ ժամանակ:

Անկեղծ ասած ես երբ փոքր էի հունիսի 1-ը հաստատ այդքան շուքով չէր նշվում, ավելի շատ կարող եմ նշել մայիսյան տոները , որոնք անցնում էին ուրախ ճամփորդություններով, փուչիկներով, շքերթներով, որոնցից մեկի ժամանակ մասնակիցներից մեկն ինձ իր կարմիր շքանշանը նվիրեց․․․ աշխարհն իմն էր: