Madlena-Ohanyan-1Ո՞րն է ձեր մանկության ամենավառ հիշողությունը:

Ունեցել եմ շատ գունավոր, ուրախ մանկություն։ Մանկության մենատպավորիչ հիշողություններս կապված են մանկապարտեզի հետ։ Անչափ մեծ սիրով էի հաճախում մանկապարտեզ, ամեն օրն ինձ համար տոն էր։ Մանկապարտեզի «գլխավոր» դեմքն էի, ինձ էին վստահված հանդեսների բոլոր կարևորագույն դերերը։ Մինչ այժմ հիշում եմ մեր դաստիարակ ընկեր Լալային, ում շատ-շատ սիրում էի։

Ի՞նչ էիք ամենաշատը սիրում ուտել փոքր ժամանակ: Սիրո՞ւմ եք դա արդյոք հիմա:

Այս հարցը սերտ կապ ունի նորից մանկապարտեզի տարիների հետ։ Մանկարապտեզում, երբ քնից արթնանում էինք, մեզ մատուցում էին թխվածքաբլիթով տաք կաթ: Հիմա, երբ հիշում եմ, չեմ պատկերացնում, թե ինչո՞ւ էի այդքան սիրում: Նաև հիշում եմ դպրոցի բուֆետում վաճառվող հաց ու նրբերշիկը, որի համը մինչ այժմ չեմ կարողանում մոռանալ:

Ի՞նչ էիք ուզում դառնալ փոքր ժամանակ: Ի՞նչը ձեզ խանգարեց ձեր երազանքը իրականացնելու հարցում:

Մանկուց ցանկանում էի երգչուհի դառնալ։ 11 տարեկան էի, երբ ընդունվեցի Երգի պետական թատրոն, բայց ուսումը այդպես էլ կիսատ թողեցի, և իմ երաժշտական կարիերան դեռ չսկսված ավարտվեց: Մի քանի տարի անց որոշեցի, որ պետք է Կոնսերվատորիա ընդունվեմ և սկսեցի հաճախել դաշնամուրի անհատական դասերի, բայց ուսուցչուհուս չսիրելու պատճառով կիսատ թողեցի և որոշեցի երաժշտական ուղին մի կողմ դնել և երգել ինքս ինձ համար, առանց հանդիսատեսի:

Ո՞ր տարիքից սկսած եք հիշում ձեր մանկությունը: Ո՞րն է ձեր ամենավաղ հիշողությունը:

Մանկապարտեզի տարիքից՝ 3 տարեկանից։ Հիշում եմ նաև մայրիկիս աշխատավայրում անցկացրած ժամանակը։ Մայրս աշխատում էր օդանավակայանում և մեկ-մեկ ինձ իր հետ աշխատանքի էր տանում։ Հիշում եմ, թե ինչպես էին իր գործընկերները ինձ օդանավակայանի խոհանոցում նստեցնում պատուհանագոգին, ես էլ զարմացած անդադար նայում էի թռիչքուղուն։ Սա է պատճառը, որ այդքան սիրում եմ օդանավակայանը։

Բակում խաղացե՞լ եք: Ո՞րն էր ձեր ամենասիրած բակային խաղը:

Բակային խաղերի սիրահար էի, ամենից շատ սիրում էի պահմտոցին։ Առավել շատ այս խաղը խաղում էինք տատիկիս բակում, որտեղ երեխաները շատ-շատ էին և մինչ ուշ գիշեր մեծ կազմով պահմտոցի խաղալը է՛լ ավելի հետաքրքիր էր դառնում։

Դպրոցում ինչպիսի՞ աշակերտ եք եղել:

Դպրոցում լավ էի սովորում, ամենից շատ սիրում էի անգլերենը, հայ գրականությունն ու նորագույն պատմությունը։ Դպրոցական տարիները այդքան էլ չեմ սիրում։ Ինձ համար առավել հաճելի էր հաճախել մանկապարտեզ, քան դպրոց:

Ինչպե՞ս եք նշել հունիսի 1-ը մանուկ ժամանակ:

Հունիսի 1-ը հիմնականում նշում էինք Հաղթանակի այգում կամ Լունապարկում՝ տարատեսակ խաղային ատրակցիոններից օգտվելով։ Մեր շենքի հետևում մինչ այժմ կա շատ գեղեցիկ մի պուրակ, որտեղ ամեն տարի, ցանկացած տոնին պատշաճ ձևով միջոցառումներ են կազմակերպում, և հունիսի 1-ն էլ բացառություն չէ։ Տարատեսակ խաղեր, մուլտհերոսներ էին հրավիրում՝ երեխաներին ուրախություն պատճառելու համար, ինչը միանշանակ ստացվում էր։

Քույր/եղբայր ունե՞ք: Նրանց հետ ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն էին:

Ունեմ քույր, ով ինձնից մեծ է 2 տարով։ Երբևէ տարաձայնություններ չենք ունեցել։ Միշտ հաշտ ենք եղել, միմյանց զիջով և, ամենակարևորը, միմյանց շատ սիրող։

Արտադպրոցական ի՞նչ խմբակների եք մասնակցել:

Սկսած 8 տարեկանից 3 տարի շարունակ հաճախել եմ տարբեր ազգերի ժողովրդական պարերի, իսկ 12 տարեկանից մինչ 16 տարեկան հաճախել եմ լատինաամերիկյան պարերի։ Այդ խմբակների միջոցով առավել սիրեցի բեմը։ Հիշում եմ, թե ինչքան էի անհանգստանում բեմ դուրս գալուց առաջ, մտածում էի թե ոչինչ չեմ հիշում, բայց երբ դուրս էի գալիս բեմ, ամբողջ լարվածությունն անցնում էր։