Naira MikoyanՈ՞րն է ձեր մանկության ամենավառ հիշողությունը:

Դեռ փոքր տարիքից սիրել եմ գրել-ստորագրել, ու դա հիմա իմ աշխատանքի մի մասն է: Մայրիկս մաթեմատիկայի ուսուցչուհի է: Մի անգամ տնօրինության կողմից տրված աշխատանքները բերել էր տուն, որպեսզի ստուգեր: Եղբորս հետ «ստուգել» էինք բոլոր տետրերը, գնահատականներ նշանակել ու ստորագրել: Իհարկե, արդյունքում նկատողություն ստացավ մայրիկը, բայց մենք շատ ուրախ էինք, որ որոշ գնահատականներ ճիշտ էինք նշանակել:

Ինչպիսի՞ երեխա եք եղել:

Շատ չարաճճի երեխա էի, անընդհատ սիրում էի զբաղված լինել: Հմնականում պապիկիս հետ էինք խաղում: Ինձ տանում էր Սանահին գյուղում գտնվող ՄԻԳ-21 կործանիչի մոտ, նստում էի ինքնաթիռի թևին, ու երբ շարժվում էր, ինձ թվում էր կործանիչը կթռչի:

Ի՞նչ էիք ամենաշատը սիրում ուտել փոքր ժամանակ: Սիրո՞ւմ եք դա արդյոք հիմա:

Մայրիկիս պատրաստած շաքարաքլորը ամենահամեղ քաղցրավենիքն էր: Հիմա էլ դրանից չէի հրաժարվի:

Ի՞նչ էիք ուզում դառնալ փոքր ժամանակ: Ի՞նչը ձեզ խանգարեց ձեր երազանքը իրականացնելու հարցում:

Մանուկ ժամանակ երազում էի ուսուցչուհի կամ բժշկուհի դառնալ: Ցանկանում էի նմանվել մայրիկիս ու հորաքրոջս: Ինձ իրականում ոչինչ չխանգարեց երազանքս իրականացնել, ուղղակի մտափոխվեցի մասնագիտություն ընտրելիս:

Ո՞ր տարիքից սկսած եք հիշում ձեր մանկությունը: Ո՞րն է ձեր ամենավաղ հիշողությունը:

Մանկապարտեզի տարիներն են շատ տպավորված իմ հիշողության մեջ, թե ինչպես էինք փախչում մանկապարտեզից ու տուն գնալու ժամին հետ վերադառնում: Նաև նավթով աշխատող լամպն եմ հիշում մութ սենյակի մեջ:

Բակում խաղացե՞լ եք: Ո՞րն էր ձեր ամենասիրած բակային խաղը:

Բակում շատ էինք խաղում, հատկապես «տապանուկի» (մեր բակում «պահմտոցուն» այդպես էինք ասում): Մեր բակի շունն էլ ամենաարդար խաղընկերն էր:

Ինչպե՞ս եք նշել հունիսի 1-ը մանուկ ժամանակ:

Հունիսի 1-ին սրճարան էինք գնում պապիկի հետ, պաղպաղակ ուտում ու զբոսնում:

Քույր/եղբայր ունե՞ք: Նրանց հետ ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն էին:

Եղբայր ունեմ ինձանից մեկ տարի մեծ: Անընդհատ կռվում էինք, բայց իրար շատ էինք սիրում: Միշտ միասին էինք:

Արտադպրոցական ի՞նչ խմբակների եք մասնակցել:

Ձեռքի գնդակի եմ գնացել: Նաև երաժշտական դպրոց էի հաճախում:

Արդյո՞ք դեռ շփում ունեք ձեր մանկության ընկերների հետ:

Այո, իհարկե: Մանկության ընկերները անփոխարինելի են: Եղել են նաև դեպքեր, որ աշխատավայրում պատահական հանդիպել ենք, զրուցել ու հիշել լավ տարիները:

Դպրոցում ինչպիսի՞ աշակերտ եք եղել:

Գերազանցիկ եմ եղել դպրոցում ու շատ կարգապահ: Սիրել եմ սովորել: Բայց նաև շատ էի սիրում դասի ընթացքում դպրոցի զանգի կոճակը սեղմել ու նայել, թե ինչպես են աշակերտները ուրախ դեմքով դասամիջոցի դուրս գալիս: