Ո՞րն է ձեր մանկության ամենավառ հիշողությունը:
Մանկությանս ամենավառ հիշողությունը կապված է հորս հետ։ Նա արվեստի մարդ էր, հիմնականում ֆոտոարվեստով էր հետաքրքրվում: Մոտավորապես 6-8 տարեկանում ես էլ տարվեցի ֆոտոարվեստով. ինձ գրավում էր դատարկ թղթի վրա պատկերներ ստանալը։ Kodak ֆիրմայի լուսանկարչական ապարատ ունեի, որով նկարում էի իմ դասարանցիներին, բակի ընկերներին և տպագրելուց հետո նրանց էի նվիրում այդ լուսանկարները։ Իմ հիշողություններում մնացել է, թե ինչպես էինք տանը, հայրիկիս հետ միասին մշակում ժապավեններն ու տպագրում լուսանկարները։
Ինչպիսի՞ երեխա եք եղել:
Ինքնամփոփ, խելոք երեխա եմ եղել։ Չեմ սիրել ուշադրության կենտրոնում լինել։
Ի՞նչ էիք ամենաշատը սիրում ուտել փոքր ժամանակ: Սիրո՞ւմ եք դա արդյոք հիմա:
Մեր տանը շատ հաճախ պատրաստել են վրացական խոհանոցի ուտեստներ։ Մինչ օրս էլ սիրում են վրացական խոհանոցը։
Ո՞ր տարիքից սկսած եք հիշում ձեր մանկությունը: Ո՞րն է ձեր ամենավաղ հիշողությունը:
Շատ վաղ տարիքից ունեմ հիշողություններ կապված քրոջս հետ: Պարզ հիշում եմ նաև տատիկիս ու հորաքրոջս հետ Վրաստանում մեր բարեկամներին այցելելը:
Բակում խաղացե՞լ եք: Ո՞րն էր ձեր ամենասիրած բակային խաղը:
Բակում շատ քիչ եմ խաղացել։ Միշտ գերադասել եմ տանը մնալ և գիրք կարդալ:
Դպրոցում ինչպիսի՞ աշակերտ եք եղել:
Պարտաճանաչ ու խելոք աշակերտուհի եմ եղել։ Չեմ սիրել դիտողություններ լսել, դրա համար աշխատել եմ անտեղի չբացակայել, չարություն չանել և պատրաստ լինել դասերին։
Դպրոցական ամենավառ հիշողություններիցս է Հոկտեմբերիկի շքանշանը ստանալու արարողությունը։
Խի՞ստ էին ձեր ծնողները:
Հայրս խիստ էր, մայրս՝ ոչ։ Նա իմ առաջին ընկերուհին է եղել:
Քույր/եղբայր ունե՞ք: Նրանց հետ ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն էին:
Ունեմ քույր։ Նա իմ կյանքի ամենալուսավոր կետն է՝ իմ հենարանն ու լավագույն ընկերուհի