Ruzanna-Babajanyan-1Ո՞րն է ձեր մանկության ամենավառ հիշողությունը:

Մանկությանս ամենահիշարժան օրերից էր, երբ 5 տարեկանում «Թոփ մոդել» մրցույթի «Տարվա լավագուն փոքրիկը» անվանակարգում հաղթող ճանաչվեցի։

Ինչպիսի՞ երեխա եք եղել:

Շատ աշխույժ երեխա եմ եղել, սիրել եմ եղբորս հետ խաղալ։ Հիմնականում խաղում էինք կոնստրուկտրներով, լեգոներով, մեքենաներով:

Ի՞նչ էիք ամենաշատը սիրում ուտել փոքր ժամանակ: Սիրո՞ւմ եք դա արդյոք հիմա:

Պաղպաղակն իմ տարերքն էր, անչափ սիրում էի։ «Թամարա» պաղպաղակի գովազդներում նկարահանվելու առաջարկ ստացա, որի ընթացքում շատ հաճախ էի պաղպաղակ ուտում։ Արդյունքում՝ հետագա երկու տարիների ընթացքում պաղպաղակի վաճառքի կետերը շրջանցելով էի անցնում։ Այժմ անտարբեր եմ պաղպաղակի նկատմամբ։

Քույր/եղբայր ունե՞ք: Նրանց հետ ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն էին:

Ինձանից մեծ եղբայր ունեմ, ով փոքրուց իմ ամենամտերիմ մարդն է։ Միշտ ընկալել է իմ`իրենից փոքր լինելը և ըմբռնումով մոտեցել իմ չարաճճիություններին։

Ո՞ր տարիքից սկսած եք հիշում ձեր մանկությունը: Ո՞րն է ձեր ամենավաղ հիշողությունը:

Մանկությունս հիշում եմ մոտ 3 տարեկանից սկսած: Հիշում եմ, երբ փոքր էինք, հայրս ինձ ու եղբորս համար տարբեր հեքիաթներ էր կարդում։ Երբ եղբայրս հայերեն բոլոր տառերը սովորեց, ոգևորված եկավ, որ նույն հեքիաթները ինձ համար կարդա։ Մեծ էր նրա զարմանքը, երբ գիրքը բացելուն պես հասկացավ, որ այլ լեզվով էր գրված։

Բակում խաղացե՞լ եք: Ո՞րն էր ձեր ամենասիրած բակային խաղը:

Բակում շատ եմ խաղացել։ Ամենասիրելի խաղը «Դրոշակ փախցնոցի»-ն էր` շատ հետաքրքիր ու ստրատեգիկ խաղ։ Բաժանվում էինք 2 թիմի և յուրաքանչյուր թիմը ուներ 1 դրոշակ։ Հաղթող էր ճանաչվում այն թիմը, որին հաջողվում էր հակառակորդ թիմի դրոշակը փախցնել:

Արտադպրոցական ի՞նչ խմբակների եք մասնակցել:

Հիմնականում զբաղվել եմ երգ ու պարով: Պարարվեստի ուսումնարանում հաճախել եմ դասական պարերի, լատինո-ամերիկյան պարերով եմ զբաղվել, սովորել եմ «Արծաթե բանալի» երգի դպրոցում: