Ո՞րն է ձեր մանկության ամենավառ հիշողությունը:
Մանկությունս անցել է շատ հետաքրքիր ու հագեցած, տարբեր մարդկանցով ու իրադարձություններով լի։ Շատ վառ հիշողություններ ունեմ։ Շատերի համար նրանք ուրախ էին, շատերի համար ցավալի, իսկ ոմանց համար՝ ճակատագրական:
Ինչպիսի՞ երեխա եք եղել:
Երբևէ նեղացկոտ չեմ եղել, փոքր տարիքում եղել եմ դանդաղկոտ, չափազանց հանգիստ, իսկ ավելի մեծ տարիքում՝ արկածախնդիր երեխա։
Ի՞նչ էիք ամենաշատը սիրում ուտել փոքր ժամանակ: Սիրո՞ւմ եք դա արդյոք հիմա:
Դեռ մանկուց ուտելիքի հանդեպ մեծ սեր եմ ունեցել, հատկապես քաղցրի․․․մմմ, կասեի՝ մինչև հիմա ոչինչ չի փոխվել։
Ի՞նչ էիք ուզում դառնալ փոքր ժամանակ:
Փոքր ժամանակ երազում էի դառնալ «գինեկոլոգ-ատամնաբույժ» (երևի մի տեղից «ստոմատոլոգ» բառն էի լսել, մի բան շփոթում էի)։ Մեծացա, ինձ ասացին, որ նման մասնագիտություն չկա։ Չստացվեց դառնալ երազանքիս «գինեկոլոգ-ատամնաբույժ»-ը։ Ափսոս, գուցե լավ մասնագետ լինեի․․․
Ո՞ր տարիքից սկսած եք հիշում ձեր մանկությունը: Ո՞րն է ձեր ամենավաղ հիշողությունը:
Երբ մոտ երեք տարեկան էի, գնացել էինք պապիկիս ամառանոցը։ Չեմ էլ հիշում՝ ինչու, բայց հիշում եմ, որ բանալու խնդիր առաջացավ, և ստիպված դռան ապակին հանեցին, տղամարդիք ներս մտան։ Ներսում եղբորս մեծ, կարմիր մեքենան էր, որ ոտնակների միջոցով երեխան ինքն էր կարողանում վարել։ Շատ գրավիչ էր։ Ուզեցի ներս մտնել։ Չստացվեց․ երկրի ձգողության ուժը հաղթեց, լավ ախորժակի թողած հետևանքներն էլ իր ներդրումն ունեցավ։
Բակում խաղացե՞լ եք: Ո՞րն էր ձեր ամենասիրած բակային խաղը:
Քանի որ լավ ախորժակն ու երկրի ձգողության ուժն ինձ հետապնդում էին կյանքիս տարբեր ասպարեզներում, ի տարբերություն աղջիկների մեծամասնությանը, պարան կամ ռեզին թռչել չէի սիրում, գերադասում էի տղաների հետ ֆուտբոլի նմանակում խաղալ, անուն գոռոցի, պահմտոցի և այլն։
Դպրոցում ինչպիսի՞ աշակերտ եք եղել:
Գերազանցիկ կամ գովեստի արժանի աշակերտ երբեք չեմ եղել, այդ մասը մեր տանը եղբայրս էր ապահովում։ Ես առարկաները սովորում էի ընտրողաբար և, հետևաբար, ստանում խիստ տարբեր գնահատականներ։
Գերադասում էի առարկաները, որոնց պատասխանները կարողանում էի տրամաբանությամբ մտապահել, հիշել, հասկանալ։ Այլ կերպ ասած․ դասը խաղի էի վերածում։ Պատմողական առարկաների հետ առանձնահատուկ բարդ հարաբերությունների մեջ եմ եղել։
Խի՞ստ էին ձեր ծնողները:
Ծնողներս սկզբում փորձում էին խստություն դրսևորել իմ ուսման որակի հանդեպ։ Տանջվում, ժամանակ էին հատկացնում սովորեցնելուն: Հետո հասկացան, որ անիմաստ է, մեջս հետաքրքրություն չի առաջանում։ Չգիտեմ՝ արդյոք այդքան եռանդ կկարողանամ ներդնել տղայիս ուսման մեջ: Հավանաբար անմիջապես կանցնեմ երկրորդ տարբերակին․․․
Ինչպե՞ս եք նշել հունիսի 1-ը մանուկ ժամանակ:
Հունիսի մեկին ծնողներս մեզ Հաղթանակի այգի կամ Մանկական երկաթուղի էին տանում։
Եթե երեխաներ ունեք, ինչպե՞ս եք նշում հունիսի 1-ը նրանց հետ:
Տղաս դեռ երեք տարեկան է։ Անցած երկու տարիներին հունիսի մեկը բավականին հանգիստ և խաղաղ ենք անցկացրել խաղերով և նվերներով։ Այս տարի որոշել ենք հունիսի մեկն ավելի վառ ու հիշարժան դարձնել։ Գուցե ներգրավենք ընտանիքի մյուս անդամներին․․․
Քույր/եղբայր ունե՞ք: Նրանց հետ ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն էին:
Եղբայրս ինձնից երկուսուկես տարով մեծ է։ Տան խելոք, հանգիստ, սովորող և օրինակելի երեխան է եղել դեռ մանկուց։ Իրար հետ քիչ ենք վիճել, բավական կարճ ժամանակ։ Բայց դժվար չի գուշակել՝ վեճերի ու մենամարտերի համար պատժվող երեխան ով է եղել․․․ Ինչպես ասում են՝ մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա։
Արտադպրոցական ի՞նչ խմբակների եք մասնակցել:
Ծնողներս իրենց ներդնում էին մեր դաստիարակության ու զարգացման մեջ․ է՛լ լողի խմբակ էին տանում, է՛լ պարի, անգլերենի, ֆրանսերենի, մաթեմատիկայի, իսկ ինձ նաև ուլունքագործության, որը, իրականում, շատ սիրեցի։ Խմբակը հենց դպրոցում էր, դասերից հետո։
Արդյո՞ք դեռ շփում ունեք ձեր մանկության ընկերների հետ:
Դպրոցական շատ մոտ ընկերուհիներ ունեմ, ինչպես ասում են, ժամանակով ու փորձություններով փորձված։ Գուցե հետները ազգակցական կապ չունեմ, բայց համոզված եմ, որ ժամանակն ու տարածությունը երբեք չեն կարող մեզ հեռացնել։
Ի՞նչ խենթ արկածներ եք ունեցել մանուկ հասակում:
Մորեղբայրս Ռուսաստանի Բալկովո գյուղում ամառանոց ուներ, և, քանի որ ամեն ամառ գնում էինք Մոսկվա՝ տատիկի և պապիկի մոտ՝ հանգստանալու, գնում էինք նաև ամառանոց։
Հողամասում շատ համեղ հատապտուղների թփեր կային, իսկ հարևանությամբ ապրում էին Մաշա տատիկի հավերը։
Քանի որ հողամասերի միջև պարիսպներ չկային, ընդամենը ցանցով ցանկապատներ էին, Մաշա տատիկի հավերը, ցանկապատի տակ ճարպկորեն փոս փորելով, հեշտ ու հանգիստ ներխուժում էին մեր հողամաս և ոչնչացնում մեր հատապտուղները։
Մի օր որոշեցինք պատժել հավերից մեկին՝ բռնել, խորովել, ուտել, որ մնացածն էլ դաս քաղեն, էլ մեր հողամաս ոտք չդնեն։ Գրքերից գտանք թակարդներ ու ծուղակներ պատրաստելու ամենաարագ և ոչ ծախսատար տարբերակները, պատրաստեցինք։ Ճյուղերով ծածկեցինք մեքենաների վերանորոգման համար նախատեսված փոսը (ժողովրդական լեզվով ասած՝ յաման)։ Երբ ամեն բան պատրաստ էր, անցանք գործի․ հավերի հետևից խելառի պես ընկած վազում էինք այս ու այն կողմ՝ հոգնելով ու կարմրելով, շնչահեղձ լինելով համառորեն գնում էինք մեր առջև դրված խելացի նպատակին։ Ինչպես պարզվեց, տնական հավերը մեր նախատեսածից թեթև էին, ճարպիկ, արագավազ ու էլ չասած, թե ինչ հաջողակ։
Մի քանի ժամ մեզ վազեցնելուց հետո, անսպասելիորեն, հավերից մեկը հայտնվեց մի շուռ տված թասի մեջ, որը նույնիսկ մենք չէինք դրել։
Օ՛, ինչպիսի ուրախություն։ Վերջապես արդարությունը կհաղթի ու մենք էդ հավերին դաս կտանք։
Երջանկությունը երկար չտևեց․ հայտնվեց ավագ եղբայրս՝ մորեղբորս որդին, հավին բաց թողեց, մեզ վրա գոռգոռաց և հայտարարեց, որ նման բանի համար Մաշա տատիկը մեզ կարող է դատի տալ, վերջում էլ ավելացրեց․ «էլ չեմ ասում, թե հավերն ինչ սթրես ապրեցին ձեր պատճառով»։
Բան չէր մնում անելու։ Ստիպված քթներիս տակ ինչ-որ բաներ մռթմռթացինք, դե տակ չմնալու համար, գլուխներս կախեցինք ու գնացինք սենյակներով՝ նոր նախագծեր մշակելու։
Մանկությունս անցել է շատ հետաքրքիր ու հագեցած, տարբեր մարդկանցով ու իրադարձություններով լի։ Շատ վառ հիշողություններ ունեմ։ Շատերի համար նրանք ուրախ էին, շատերի համար ցավալի, իսկ ոմանց համար՝ ճակատագրակա