Zarine-Matevosyan-2Ո՞րն է ձեր մանկության ամենավառ հիշողությունը:

Մանկությանս ամենատպավորիչ հիշողությունները տատիկիս տանն անցկացրած օրերից են: Տատիկս ապրում է Կախակն գյուղում և ամեն անգամ գյուղ գնալիս փախչում էի տնից, բարձրանում տան դիմացի բլուրները. ինձ երջանիկ էի զգում բարձունքում: Շատ էի սիրում նաև թաքնվել տան տանիքում, այնտեղ տատիկս պահում էր մայրիկիս մանկության խաղալիքները, որոնցով խաղալը ինձ յուրօրինակ ուրախություն էր պատճառում:

Մանկության հիշողություններից միշտ մտքումս է իմ ծննդավայր Հաթերքը: Հիշում եմ՝ պապիս հետ հանդ էինք գնում, անհամբեր սպասում էի ճաշի ժամին, երբ պապս բացում էր ուսապարկը ու ինձ տալիս հացով պանիրը, որը սարերում մի տեսակ ուրիշ համ ու հոտ ուներ: Հիշում եմ՝ ինչ ոգևորությամբ էի հագնում պապիս գործած տրեխը ու վազում սարերում:

Ինչպիսի՞ երեխա եք եղել:

Չարաճճի երեխա եմ եղել: Հիշում եմ՝ մանկապարտեզում սիրում էի խաղալ ավտոմեքենաներով ու միշտ մանկապարտեզի տղաների հետ վիճում էի, որ ինձ տան այդ խաղալիքները: Տղաներից մեկը մի օր փորձում էր խլել ձեռքիցս ավտոմեքենան ու մինչ դաստիարակը կհասցներ միջամտել, ես սուր ատամներով բռնեցի նրա ականջը և ուժգին կծեցի: Նրա ականջին մինչև հիմա մի մեծ սպի կա:

Ի՞նչ էիք ամենաշատը սիրում ուտել փոքր ժամանակ: Սիրո՞ւմ եք դա արդյոք հիմա:

Ինչպես բոլոր փոքրիկները, ես նույնպես շատ եմ սիրել շոկոլադը և հիմա էլ առանց շոկոլադի օրս չեմ պատկերացնում:

Ի՞նչ էիք ուզում դառնալ փոքր ժամանակ:

Դեռ մանկուց ինձ ձգել է երկինքը, սիրում էի զմայլվել լուսնով և աստղազարդ երկնքով: Երազում էի տիեզերագնաց դառնալ ու ապրել լուսնի վրա: Կարելի է ասել երազանքս մասնակի իրականացել է: Դպրոցում, երբ ֆիզիկայի առաջին դասն էինք անցնում, հասկացա, որ ֆիզիկան է լինելու իմ մասնագիտությունը, իսկ արդեն համալսարանում, որպես երկրորդ մասնագիտություն ընտրեցի աստղագիտությունը: Մասնագիտությունս հնարավորություն տվեց ոչ միայն զմայլվել աստղերով, այլ նաև ինչ-որ չափով ծանոթանալ նրանց պատմությանը, տեսակներին, իսկ լուսնի վրա ապրելու երազանքս իրականություն է դառնում միայն իմ խենթ պատկերացումներում:

Ո՞ր տարիքից սկսած եք հիշում ձեր մանկությունը: Ո՞րն է ձեր ամենավաղ հիշողությունը:

Հիշողությանս մեջ մի դրվագ կա, որ հայրիկս ինձ գիրկն առած մանկապարտեզ է տանում: Երկու տարեկան էի: Հիշում եմ հագիս շորերը, հիշում եմ նաև, որ ճանապարհին հանդիպեցինք հորեղբորս ու կանգ առանք զրուցելու:

Դպրոցում ինչպիսի՞ աշակերտ եք եղել:

Ակտիվ աշակերտ եմ եղել: Սիրել եմ մասնակցել կազմակերպված սպորտլանդիաներին: Հումանիտար առարկաները չէի սիրում սովորել և այդ դասաժամերին մշտապես ուշացած էի մտնում դասարան: Ուսուցիչներս արդեն գիտեին, որ ուշացման պատճառը սպորտդահլիճում ինձ գերող բասկետբոլի գնդակն էր, որը դպրոց գնալու իմ ամենամեծ մոտիվացիան էր: Շատ եմ սիրել երկրաչափությունը և մշտապես նոր դասը դասարանին ներկայացնելու պատիվը ինձ էր շնորհում ուսուցչուհիս:

Խի՞ստ էին ձեր ծնողները:

Ծնողներս փորձում էին խիստ լինել, հատկապես տղաների հետ ընկերություն անելու հարցում: Կարծրատիպերը միշտ խոչընդոտ են եղել ծնողներիս հետ շփման հարցում, բայց շնորհիվ իմ համառ բնավորության միշտ հաղթահարել եմ դժվարությունները և չեմ կոտրվել:

Ինչպե՞ս եք նշել հունիսի 1-ը մանուկ ժամանակ:

Հունիսի 1-ին երիտասարդները միշտ բակային ճամբար էին կազմակերպում մեզ համար: Երաժաշտություն էինք միացնում բակում, երգում, արտասանում մեր ծնողների համար: Հիշողությանս մեջ այդ բակային ճամբարներն են տպավորվել, որպես մանուկների օր:

Քույր/եղբայր ունե՞ք: Նրանց հետ ձեր հարաբերություններն ինչպիսի՞ն էին:

Երկու քույր ունեմ, մեծ քույրս 1 տարով է ինձանից մեծ, փոքր քույրս 9 տարով փոքր է ինձանից: Մանկությունս անց եմ կացրել մեծ քրոջ հետ: Միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել, չնայած այն բանի, որ շատ տարբեր էինք: Փոքր քույրիկիս դասավանդել եմ դպրոցում, իմ ամենախելացի աշակերտուհին է եղել:

Արտադպրոցական ի՞նչ խմբակների եք մասնակցել:

Իմ դպրոցական տարիներին մեր քաղաքում արտադպրոցական խմբակները շատ սակավ էին, սպորտային խմբակներ հաճախում էին բացառապես տղաները: Հաճախել եմ դաշնամուրի, սակայն այդպես էլ նվագել չսովորեցի: 9-րդ դասարանում հաճախել եմ կառատեի խմբակ և կոտրել այն կարծրատիպը, որ նման խմբակները միայն տղաների համար են ստեղծված: Հետագայում նմանատիպ կարծրատիպերը հիմնովին կոտրելու համար Վարդենիսում հիմնել եմ աղջիկների համար նախատեսված առաջին բասկետբոլի խմբակը: