Հայկ Մկրտչյան՝ Պրոդուկտների մշակման և ծրագրերի կառավարման վարչության ղեկավար

Հայկ Մկրտչյան՝ Պրոդուկտների մշակման և ծրագրերի կառավարման վարչության ղեկավար

Մասնագիտությամբ ինժեներ-տնտեսագետ Հայկ Մկրտչյանը երբևէ չէր պատկերացրել, որ իր աշխատանքային կարիերան կձևավորվի և կզարգանա բանկային համակարգում: Աշխատանքային գործունեությունը սկսել է Կենտրոնական բանկում, այնուհետև աշխատել մի շարք բանկերում, որոնց մի մասն այսօր նույնիսկ չեն գործում: Ամենաերկար փորձառությունը ՀայԷկոնոմբանկում անցկացրած 12 տարիներն էին, որոնց ընթացքում էլ գրանցվել է մասնագիտական կտրուկ աճ՝ ավագ մասնագետից հասնելով մինչև գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի: Այսօր Հայկը ՖԻՆՔԱ-ում զբաղեցնում է Պրոդուկտների մշակման և ծրագրերի կառավարման վարչության ղեկավարի պաշտոնը:

Երբևէ պատկերացրե՞լ էիք, որ մի օր կարող է ՖԻՆՔԱ-ում աշխատեք:

Հայկ Մկրտչյան՝ Պրոդուկտների մշակման և ծրագրերի կառավարման վարչության ղեկավար

Եթե լինեմ անկեղծ, երբևէ ՖԻՆՔԱ-ում աշխատելու մտադրություն չեմ ունեցել: Երբ աշխատում էի բանկերում, ՖԻՆՔԱ-ին՝ որպես վարկային կազմակերպության, դիտարկում էի որպես առավել սահմանափակ գործառույթներ իրականացնող ընկերություն, իսկ ֆինանսական համակարգի մասին իմ պատկերացումները շատ ավելի լայն էին, քան զուտ վարկավորումը: Սակայն այսօր, աշխատելով ՖԻՆՔԱ-ում, կարող եմ ասել, որ իմ պատկերացումները, որոնք բացառապես արտաքին տպավորությունների վրա էին հիմնված, ամբողջական չէին: ՖԻՆՔԱ-ն միջազգային մի ընտանիք է, իր հստակ կանոնակարգերով, աշխատելաոճով, գլոբալ ձգտումներով և միջազգային հաղորդակցությամբ, որը քեզ կլանում է դեպի իր աշխարհ և մասնիկը դարձնում այն առաքելության, որի շուրջ կառուցվում է ՖԻՆՔԱ-ի ողջ գործունեությունը: Այն է՝ ֆինանսական ռեսուրսները հասանելի դարձնել ցածր եկամուտ ունեցող բնակչության համար, և նրանց ևս հնարավորություն տալ ոտքի կանգնելու, միևնույն ժամանակ կանգնել վարկառուի կողքին և բիզնես խորհրդատվություն իրականացնելով, օգնել նրան կայացնելու իր գործունեությունը: Այսօր մեծ հաճույքով և ոգևորությամբ եմ ՖԻՆՔԱ հաճախում:

Եթե լինեիք ՖԻՆՔԱ-ի սեփականատերը, ինչպիսի՞ գլոբալ փոփոխություն կնախաձեռնեիք, ի՞նչն է պակասում ՖԻՆՔԱին այսօր, որ հաջողություն կբերեր նրան վաղը:

ՖԻՆՔԱ-ն բավական լուրջ մտածված և կազմակերպված բիզնես է, դա պետք է փաստել, բայց եթե ես ինչ-որ բան փոփոխեի, ապա դա կլիներ շուկայի նորամուծություններին ավելի արագ արձագանքելը:

Հայկ, ի՞նչ զավակներ ունեք: Արդյո՞ք նրանք ընտրել են Ձեր մասնագիտական ճանապարհը:

Ունեմ 2 զավակ: Մեծը՝ դուստրս, ընտրել է մոր մասնագիտությունը և պատրաստվում է բժիշկ դառնալ: Տղաս հետաքրքրված է կինոյի աշխարհով, մասնավորապես օպերատորական աշխատանքով և ծրագրում է ընդունվել թատերական ինստիտուտ: Նրանք երկուսն էլ իրենց բանկիր հոր ճանապարհը չընտրեցին, և ես ողջունում եմ նրանց ընտրությունները, քանի որ կարևոր եմ համարում մասնագիտությունը նախասիրություններին համապատասխան ընտրելը:

Ինչպիսի՞ն եք տեսնում Ձեր զավակների Հայաստանը:Հայկ Մկրտչյան՝ Պրոդուկտների մշակման և ծրագրերի կառավարման վարչության ղեկավար

Խաղաղ, միայն և միայն խաղաղ և զարգացած տնտեսությամբ: Վերջին իրադարձություններից հետո, որոնք անհետք չանցան բոլորիս համար, ամենամեծ երազանքս Հայաստանը միշտ անամպ տեսնելն է:

Ի՞նչ խորհուրդ կտայիք 18 տարեկան Հայկ Մկրտչյանին, եթե հանդիպեիք նրան այսօր:

Երբ փոքր էի, երազում էի բժիշկ դառնալ: Հիմա էլ համոզված եմ, որ լավ բժիշկ կլինեի: Բայց հայրս ինժեներ էր, ավագ քույրս նույնպես, և ես իներցիայով նրանց ճանապարհը ընտրեցի: Հիմա երևի թե, նայելով կյանքի ճանապարհը նոր սկսող 18-ամյա Հայկի աչքերին, նրան կասեի. «Գնա երազանքիդ ետևից, և արա այն ինչ սիրում ես»:

Ինչպիսի՞ մանկություն եք ունեցել: Հոբբինե՞ր:

Մանկությունս անցել է Երևանում: Խաղաղ և անամպ էր, հանգիստ և երջանիկ ընտանիքում, որի համար անչափ շնորհակալ եմ ծնողներիս, ովքեր մեծ դեր ունեն այսօրվա իմ մարդկային տեսակի կայացման գործում: Հորս համարում եմ իմ հոգևոր ուսուցիչը, ու մինչ օրս շատ հարցերում առաջինը նրա հետ եմ խորհրդակցում: Հոբբիներ չեմ ունեցել, բայց քանի որ բարձրահասակ էի ինձ հաճախ սպորտային խմբակներ էին հրավիրում, հատկապես բասկետբոլի, սակայն բասկետբոլիստի կարիերաս այդպես էլ չկայացավ, քանի որ ժամանակին հասցրեցի ձեռքս կոտրել [ծիծաղում է]:

Կհիշե՞ք որևէ ճակատագրական դեպք կամ իրադարձություն Ձեր կյանքում, որից հետո Ձեր ճանապարհը նոր ընթացք ստացավ:

Երևի կնոջս հետ հանդիպումը: Իսկ ավելի վաղ տարիքում, երբ դեռ ԿԲ-ում էի աշխատում, իմ ղեկավարը ինձ գործուղեց առևտրային բանկերից մեկը, որտեղից էլ սկսվեց իմ բանկային կարիերան: Երևի այդ դեպքը կարող եմ համարել ճակատագրական իմ կարիերայի կայացման հարցում:

Ամսական որքա՞ն գումար է անհրաժեշտ Հայկ Մկրտչյանին՝ իր պատկերացրած կյանքը ապրելու համար:

Ես շատ համեստ եմ իմ քայլերում և շռայլ կյանքով երբևէ չեմ ապրել, թեև բանկային ոլորտում բարձր պաշտոններ զբաղեցնելով ինձ կարող էի շատ բաներ թույլ տալ: Այսօր էլ կյանքս հանգիստ ապրելու համար ինձ բավարար է, որ ես կարողանամ հոգալ զավակներիս ուսման գումարները, օգնեմ ծնողներիս, և առօրյա ընտանեկան հոգսերը ծածկեմ:

Հայկ, ի՞նչ է սերը:

Սերը ճակատագրական զգացմունք է, որը կարող է կյանքդ կամ դեպի լավը, կամ դեպի վատը փոխել:

Իսկ ի՞նչ է կյանքը:

Կյանքը ճանապարհ է, որն անցնելիս ցանկալի է քիչ արգելքների հանդիպել:

Սիրած գիրքը:

Սիրում եմ ընթերցել Դեն Բրաունի գրքերը:

Սիրած ֆիլմը:

Ստանիսլավ Գովորուխինի հանճարեղ ֆիլմը՝ ‘’Место встречи изменить нельзя’’:

Սիրած նկարիչը:

Լեոնարդո Դա Վինչի:

Սիրած կոմպոզիտորը:

Էլթոն Ջոն:

Սիրած գույնը:

Կարմիր:

Իդեալական կինը:

Գեղեցիկ և խելացի:

Փող թե՞ իշխանություն:

Նախընտրում եմ երկուսն էլ՝ բալանսավորված: Ես ամեն ինչ հավասարակշռության մեջ եմ սիրում:

 

Զրուցեց՝ Նաիրա Թովմասյանը