Նաիրա Թովմասյան՝ ՖԻՆՔԱի Մարքեթինգի վարչության ղեկավար

Naira Tovmasyan

Թեև վերադարձը ֆինանսաբանկային ոլորտ վաղուց արդեն համարում էր անվերադարձ փակված՝ Նաիրա Թովմասյանը շուրջ չորս ամիս առաջ, շրջանցելով ինքն իր համար ստեղծած կարծրատիպը, ընդունեց ՖԻՆՔԱի հրավերը և այսօր արդեն ստանձնել է ընկերության մարքեթինգային քաղաքականության իրագործումը:

Նաիրա, Դուք ՖԻՆՔԱ եք եկել մասնավոր բիզնեսից: Ինչպե՞ս կատարվեց այդ անցումը:

Մինչ ՖԻՆՔԱ-ում աշխատանքի անցնելը շուրջ 7 տարի ղեկավարում էի իմ անձնական բիզնեսը՝ JUST TRAVEL-ը, որը զբաղվում է դեպի Հայաստան ներգնա տուրիզմով և միջոցառումների կազմակերպմամբ: 2020 թվականի հայտնի իրադարձություններն անհնար դարձրին այս գործունեությունը համավարակի պայմաններում: Նույն ժամանակահատվածում տեղեկացա, որ ՖԻՆՔԱ-ն մարքեթինգի բաժնի ղեկավար է փնտրում, դիմեցի և հայտնվեցի այստեղ: Այն կորպորատիվ մշակութը, որին առերեսվեցի, ինձ շատ դուր եկավ և կարճ ժամանակահատվածում ինտեգրվեցի ՖԻՆՔԱ-ին:

Դուք բավական հետաքրքիր և բազմաժանր աշխատանքային գործունեություններ եք ծավալել տարբեր ընկերություններում: Կարո՞ղ եք կարճ էքսկուրս անցկացնել Ձեր աշխատանքային կարիերայով:

Իմ աշխատանքային կարիերան սկսվել է շատ վաղ՝ դեռ համալսարանի երկրորդ կուրսից, երբ ուսմանը զուգահեռ գործի անցա Կրեդիտ-Երևան Բանկում, այնուհետև տեղափոխվեցի ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, որից հետո էլ՝ Երևանի կոնյակի գործարան: Կոնյակի գործարանում անցկացրած շուրջ տասը տարիներն իմ մասնագիտական և մարդկային տեսակի կերտման թերևս ամենակարևոր տարիներն էին: Ես հաճախ եմ ասում, որ այնտեղ ոչ թե աշխատել, այլ ապրել եմ: Կոնյակի գործարանում աշխատանքի անցնելն էլ տեղի ունեցավ շատ անսպասելի: Հարցազրույցն անցա այդ ժամանակվա գլխավոր տնօրեն Պիեռ Լառեչի հետ, ընդունվեցի որպես ադմինիստրատիվ օգնական, և մեկ ու կես տարի անց արդեն զբաղեցրի «Արարատ» ժառանգության կենտրոնի մենեջերի պաշտոնը: Հետո գործի բերումով հանդիպեցի ու շփվեցի բազմաթիվ հետաքրքիր մարդկանց հետ, ովքեր այցելում էին Կոնյակի գործարան, կազմակերպեցի տարբեր երկրների նախագահների, արվեստի և մշակույթի գործիչների այցերը: Ընկերներս հաճախ էին կատակում՝ ՛՛она каждый день Иштояна видит’’ [ծիծաղում ]:

Այսօր թե՛ իմ ամենօրյա կյանքում, թե՛ իմ անձնական բիզնեսն ու այլ գործունեություններն իրականացնելիս հաճախ եմ հիշում այն, ինչ լսել ու տեսել եմ գործարան այցելած մեծերից՝ Էմիր Կուստուրիցա, Ջորջ Բենսոն, Միխայիլ Պիոտրովսկի, Միշել Լեգրան, Լեոնիդ Ռոշալ և այլք:

Այնուհետև տեղափոխվեցի Կոնվերս Բանկ և հաջորդող 4 տարիների ընթացքում փորձեցի նորովի մատուցել արդեն երկար տարիներ շուկայում գործող այդ բանկը, և ինչքան էլ որ անհամեստ չհնչեն խոսքերս, կարծում եմ, որ ամենամեծ նվաճումը, որն ունեցա, խիստ սահմանափակ բանկային մտածելակերպում արվեստ ու ստեղծագործական միտք մտցնելն էր: Վստահ եմ՝ նախկին գործընկերներս էլ դա կփաստեն:

Իհարկե, արդեն Կոնյակի գործարանում աշխատելու տարիներից մտքումս հասունացնում էի ներգնա տուրիստական ընկերություն հիմնելու գաղափարը, քանի որ ամեն ինչից առավել ուզում էի Հայաստանի նկատմամբ ունեցած սերս օտարերկրացիներին փոխանցել:

Naira Tovmasyan Naira Tovmasyan Naira Tovmasyan

Երկար ճանապարհ անցնելով՝ հայտնվեցիք ՖԻՆՔԱում: Ինչպիսի՞ն եք տեսնում այս ընկերության հեռանկարը և ինչպիսի փոփոխություններ կամ նորամուծություններ եք նախատեսել Ձեր ոլորտում:

ՖԻՆՔԱ-ն միջազգային մշակույթ կրող ընկերություն է: Այստեղ բավական լուրջ ուշադրություն են դարձնում մարքեթինգային ռազմավարությանը, ապրանքանիշի հեղինակությանն ու այսօր արդեն՝ թվային մարքեթինգին: Մեր թիրախում ՖԻՆՔԱ-ն նորովի դիրքավորելն է՝ որպես առաջատար թվային ծառայություններ մատուցող վարկային կազմակերպություն, ինչպես նաև նոր նախագծերի և ծրագրերի ինտեգրումը՝ ուղղված հաճախորդի հետ գործընկերային և խորհրդատվական հարաբերությունների կառուցմանը:

Նաիրա, նշեցիք, որ բանկային միջավայր կարողացաք մտցնել արվեստն ու ստեղծագործական միտքը: Կարելի՞ է ենթադրել, որ Դուք ստեղծագործ անձնավորություն եք:

Երբ դադարեմ ստեղծագործել, կյանքն ինձ համար կկորցնի գույները: Դեռ մանկուց սիրում էի նկարել և ժամանակս բակում անցկացնելու փոխարեն առավոտից երեկո նկարում էի: Մինչ օրս հիշում եմ, թե նկարելու պահերին ինչպես էի անէանում ու կտրվում իրականությունից, դա շատ հետաքրքիր հոգեվիճակ էր, որում հայտնվելով այլ հարթություն էի տեղափոխվում: Նկարելու սերս տեսնելով՝ ծնողներս ինձ տարան Հենրիկ Իգիթյանի հիմնադրած Գեղագիտության ազգային կենտրոն, ուր հաճախեցի երկար տարիներ: Նկարչությանը զուգահեռ սովորեցի գոբելեն, բատիկա, ասեղնագործություն: Այնուհետև տարվեցի Ռուբեն Հախվերդյանի և Վլադիմիր Վիսոցկու երգարվեստով ու շտապեցի կիթառ նվագել սովորել, և չնայած այս հմտություններն այսօր «կորցրել» եմ, այն ամենն ինչ ուսանել և վերցրել եմ այդ տարիներին, այսօր ինձ օգնում է իմ արած գործին մոտենալ առավել ստեղծագործաբար և ստանդարտից դուրս մոտեցումներ մշակել:

Ինչպե՞ս եք վերաբերվում կնոջ և տղամարդու հավասարությանը:

Իրավունքների առումով հավասարությունը երկու սեռերի միջև, իհարկե, ճիշտ է: Բայց ինչ վերաբերում է հավասարության դրսևորմանը առօրյա և կենցաղային տարբեր ոլորտներում, ապա մոտեցումս միանշանակ չէ: Ինձ համար ողջ հմայքը այս երկու սեռերի տարբերության մեջ է, և այդ տարբերությունն էլ ապահովում է նրանց միջև ձգողականությունը: Առհասարակ հավասարության այս մոլի պայքարը բերել է տղամարդու և կնոջ դերերի ձևախախտման, քանի որ շատերը չեն գիտակցում, որ պայքարն ընդամենը իրավունքների հավասարության, այլ ոչ թե հակառակ սեռին բնույթով և հատկանիշներով նմանվելու մեջ է: Երբեմն նաև մտածում եմ, թե ինչ ճիշտ կլիներ, եթե մեր երկրում վերականգնվեին արական և իգական դպրոցները, կամ թեկուզ դասաժամեր լինեին՝ աղջկան՝ կին, տղային էլ տղամարդ դաստիարակելու համար:

Ինչպիսի՞ն է իդեալական տղամարդը Նաիրա Թովմասյանի համար:

Բարի. ինձ համար բարությունը ուժի ամենամեծ ցուցիչն է: Թույլ մարդը սովորաբար ագրեսիվ է լինում: Հոգատար. տղամարդու հայտնվելով կնոջ կյանքը պետք է թեթևանա: Ընկերներիցս մեկի հետ մի անգամ քննարկում էինք «տեր եմ, հնազանդ եմ» արտահայտությունը, և այն, ինչ նա ասաց, անկասկած ճշմարիտ է՝  «Երբ տղամարդը տեր է, կինը հնազանդ է»: Եվ սա բնավ սեփականատիրության մասին չէ: Ասել է թե պատասխանատու է, տեր է կնոջ լավ և վատ վիճակներին, տխուր և ուրախ օրերին:

Խոսեցիք ուժեղ տղամարդուց, իսկ Դուք Ձեզ ուժեղ կին համարու՞մ եք:

Մեր իրականության մեջ ուժեղ կին հասկացությունը մի փոքր աղավաղված է: Սովորաբար որպես ուժեղ են ընկալվում տղամարդկային հատկանիշներով օժտված կանայք: Իմ խորին համոզմամբ ճիշտ հակառակն է: Կնոջ ուժը նրա կանացիության, նրբության, սիրո ու նվիրվածության մեջ է: Այս առումով ես ինձ ուժեղ եմ համարում: Նաև ուժեղ եմ համարում երազելու և այդ երազանքներն իրականություն դարձնելու իմ ձգտումներով: Կանացի ուժի փնտրտուքներն ինձ բերեցին նաև այն մտքին, որ կնոջ ուժն իր թուլության մեջ է, և որ կինը հաղթում է առանց պայքարի: Դա հասկացել եմ, բայց պրակտիկ կիրառման մեջ հաճախ թերանում եմ [ժպտում է]:

Իսկ ինչպիսի՞ հոբբիներ ունեք:

Սիրում եմ ճամփորդել: Ճամփորդելն ինձ համար վաղուց դարձել է կենսաձև:  Այժմ էլ սպասում եմ, թե երբ պիտի աշխարհն առաջվանը դառնա, որպեսզի կարողանամ բացահայտել դեռևս չայցելած երկրները: Համավարակն առիթ դարձավ նաև մի նոր մոլուցք բացահայտելու: Ես սկսեցի հացեր թխել, և հաճախ եմ ասում, որ այս պրոցեսն ինձ համար նման է աղոթքի: Առհասարակ սիրում եմ խոհանոցը, սիրում եմ նոր ճաշատեսակներ բացահայտել և փորձել պատրաստել դրանք: Ինձ համար խոհանոցում կարևոր է նաև մատուցման էսթետիկ կողմը, որպեսզի սարքածդ ոչ միայն համեղ, այլև գեղեցիկ լինի: Կարծում եմ, նման հոբբիները թույլ են տալիս ինքդ քո ներսում բացահայտելու քո կանացի սկիզբը:

Naira Tovmasyan Naira Tovmasyan Naira Tovmasyan

Աստծուն հավատու՞մ եք:

Իմ տխուր և ուրախ օրերին հաճախ աղոթում եմ, հետևաբար հավատում եմ: Աստված մեր բոլորի և այս կատարյալ տիեզերքի գոյության անտեսանելի ապացույցն է, մեր խիղճն է ու մեր ներքին ձայնը, որը պետք է սովորես լսել: Հավատում եմ Աստծուն, որպես բացարձակ սիրո աղբյուր: Հավատում եմ նաև նախախնամությանը, երբ աստղերը տիեզերքում շարվում են այնպես, որ անհավանական մի հանդիպում կամ իրադարձություն կյանքումդ իրականություն դառնա:

Naira Tovmasyan

 

Կա՞ կին, ումից ոգեշնչվել եք:

Կոկո Շանել՝ կին, ով կարողացավ 20-րդ դարի եվրոպական նորաձևության մեջ հեղափոխություն կատարել, և ում բազմաթիվ ասույթներ հաճախ եմ կյանքում մտաբերում: Ֆրիդա Կալո, ում կամքի ուժն է ոգևորել: Նաև Օդրի Հեփբերն, ում նրբագեղության նկատմամբ անտարբեր մնալն անհնարին է:

Ու՞մ եք համարում Ձեր հոգևոր ուսուցիչը:

Իմ կյանքում շատ են եղել մարդիկ, ում կարող եմ հոգևոր ուսուցիչ կոչել: Դրանք այն մարդիկ են, ովքեր հայտնվելով, որևէ նոր գիտելիք են հաղորդել, մի խոսք ասել կամ որևէ հարցում օգնել, որից հետո կյանքս ու գիտակցությունս նոր որակի են անցել:

Կա՞ կարգախոս, որով առաջնորդվում եք:

Հայտնի ապրանքանիշի կարգախոսը՝ just do it.

Ձեր այսօրվա երազանքը:

Հայաստանը դարձնել ուժեղ և զարգացած երկիր, բնակչության բարձր կենսամակարդակով և ինտելեկտուալ մակարդակով: Սա այն երազանքներից է, որի իրագործման աշխատանքներին հնարավորինս շուտ պետք է լծվել: Ուզում եմ նաև վերցնել ու Հայաստանը restart ու rebrand անել, դարձնել այն երազանքի երկիր: Մի խոսքով ամենանվիրական երազանքներս այսօր հայրենիքիս հետ են կապված:

Փոփոխություններ սիրու՞մ եք՝

Էվոլյուցիայի տեսքով:

Սիրած նկարիչը՝

Շատ են, երևի նշեմ՝ Սարյան, Էդգար Շահին, Դա Վինչի, Մոդիլիանի:

Սիրած կոմպոզիտորը՝

Յոհան Սեբաստիան Բախ, Արամ Խաչատրյան:

Սիրած ֆիլմը՝

Մենք ենք, մեր սարերը:

Սիրած երգիչը՝

Շարլ Ազնավուր, Սթիվի Ուանդեր:

Սիրած գույնը՝

Ծովի գույնը [ծիծաղում է]:

Գեղեցիկը կփրկի՞ աշխարհը՝

Գեղեցիկը, բարին, գիտակիցը:

 

Զրուցեց Անի Ավետիսյանը