Ստեփանավան մասնաճյուղն արդեն հինգերորդ տարին ղեկավարող Օֆելյա Համբարյանը ՖԻՆՔԱ-ին է միացել 2011 թվականից: Թեև դասավանդում է Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջի տնտեսագիտության ամբիոնում, այնուամենայնիվ իրեն ամբողջությամբ սիրահարված է համարում ՖԻՆՔԱ-ին: Օֆելյայի սիրելի զբաղմունքը որդու հետ խաղեր խաղալն ու միասին ժամանակ անցկացնելն է:

Ինչպե՞ս սկսվեց Օֆելյա Համբարյանի աշխատանքային գործունեությունը:

Աշխատանքային կարիերաս սկսվել է այստեղ: Ուսումս ավարտելուց անմիջապես հետո ընդունվեցի ՖԻՆՔԱ-ի Ստեփանավան մասնաճյուղ՝ որպես կրտսեր վարկային մասնագետ: ՖԻՆՔԱ-ում աշխատանքի ընդունվելն ինձ համար ինչ-որ տեղ մարտահրավեր էր` նախ ստուգելու ուսանողական նստարանից գործատուին բերված գիտելիքներս, ապա փորձառություն ձեռք բերելու և կառուցելու իմ մասնագիտական կարիերան:  Այդպես սկսվեց ճանապարհս այս հրաշալի կազմակերպությունում, որտեղ աշխատում եմ մինչ օրս և որտեղ մինչև մասնաճյուղի ղեկավար դառնալը անցել եմ մասնագիտական տարբեր աստիճաններով: ՖԻՆՔԱ-ն հիանալի գործատու է, և ես դա ասում եմ միանգամայն հիմնավորված: Ոչ բոլոր գործատուներն են թույլ տալիս, որպեսզի իրենց աշխատակիցները աշխատանքի հետ մեկտեղ շարունակեն ուսումը, իսկ ինձ այդ հնարավորությունը տրվեց:

Երբևէ պատկերացնու՞մ էիք Ձեզ որպես մասնաճյուղի ղեկավար:

Ինձ համար մասնաճյուղ ղեկավարելու առաջարկն անսպասելի էր, չնայած նրան, որ մինչ այդ անցել էի աշխատանքային գրեթե բոլոր մակարդակներով, եղել էի առաջին կարգի վարկային մասնագետ, ավագ վարկային մասնագետ, սակայն մասնաճյուղ ղեկավարելու ոչ մի մտադրություն չունեի: Կարծում եմ, ընկերությունն ինձնից առաջ իմ ներուժը գնահատեց: Եվ սա ևս շատ կարևոր ցուցանիշ է: Երբ երիտասարդ ես, կարծում ես, թե մասնաճյուղ ղեկավարելը մեծերի գործն է, բայց երբ գործատուդ կարողանում է տեսնել կարողություններդ և թիմի ներսում ճիշտ դերաբաշխում կատարում, շահում ես և՜ դու, և՜ կազմակերպությունը:

Ի՞նչ-որ բանից վախենում էիք:

Վախենում էի ինձ վրա վերցնել միանձնյա որոշումների կայացումը: Ամեն դեպքում մասնաճյուղ ղեկավարելը դա միայն վարկավորման պրոցեսը չի՝ կան բազմաթիվ այլ հարցեր և խնդիրներ, այդ թվում նաև միջանձնային հարաբերություններ, որոնք պետք է կարողանաս ճիշտ գնահատել և արդյունավետ լուծումներ գտնել: Հիմա կարող եմ միանշանակ ասել, որ կյանքում նոր փուլ անցնելու համար կարևոր էր բոլոր եղած վախերը հաղթահարելը և մարտահրավերն ընդունելը, և այսօր ես ուրախ եմ, որ ճիշտ ժամանակին իմ առաջ բացված հնարավորությունն ընդունեցի և պատվով կատարեցի աշխատանքս:

Ի՞նչ է առաջնորդ լինելը Ձեզ համար:

Ինձ համար առաջնորդ առաջին հերթին նշանակում է պատասխանատվություն, երկրորդ հերթին՝ նվիրվածություն: Միայն այս հատկանիշների կրողը լինելով կարող ես դիմացինից նույնը պահանջել:

 

Ներդրողների հետ ունեցած տեսազանգի ժամանակ Դուք այնքան լավ էիք ներկայացրել ՖԻՆՔԱ-ն ու նրա գործունեությունը Հայաստանում, որ ներդրողը առանձնահատուկ անդրադարձել էր Ձեզ՝ տնօրենների հետ հեռախոսազրույցի ընթացքում: Արդյո՞ք դա հենց նվիրվածությունն է, որն արտահայտվում է Ձեր յուրաքանչյուր քայլում:

 Միանշանակ: Այն սերն ու նվիրվածությունը, որը ես զգում եմ ՖԻՆՔԱ-ի հանդեպ, ինձ օգնեց ճիշտ ներկայացնել մեր ընկերությունը, մեր արժեքներն ու մեր ներքին մշակույթը: Մենք կարևորում ենք թե՜ ներքին, թե՜ արտաքին հաճախորդներին և գիտենք ինչպես ապրումակցել, ճանաչել դիմացինի հույզերը: Կարծում եմ դրանից ելնելով ՖԻՆՔԱ-ն չէր կարող արժանի գնահատական չստանալ գործընկերների կողմից: Ուրախ եմ, որ կարողացել եմ իմ խոսքով նպաստել ՖԻՆՔԱ-ի կորպորատիվ իմիջի ամրապնդմանը:

Եթե Ձեզ առաջարկեին որևէ բան փոխել ՖԻՆՔԱ-ում, ի՞նչը կփոխեիք:

Մեր հաջողության առաջնային գրավականը տեսում եմ մեր մշակույթում, և՜ կոլեկտիվում, և՜ հաճախորդների հետ շփման մեջ։ Կուզենայի դա պահպանվեր: Նկատում եմ ավելին ստեղծելու ձգտումը, անընդհատ նորանոր վարկատեսակներ են մշակվում, նոր ներդրումներ են արվում: Կարծում եմ, որ ճիշտ ուղու վրա ենք:

Մեզ ոգևորում է այն փաստը, որ մենք ՖԻՆՔԱ-ում ունենք կին ղեկավարներ: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում կնոջ և տղամարդու հավասարությանը:

 Կարծում եմ իրավունքների ու հնարավորությունների առումով սեռերը պիտի լինեն հավասար: Ինձ համար կնոջ կերպարը համատեղում է ընտանիքի մայր լինելն ու կարիերայի հաջողությունները: Ես ինձ համարում եմ ուժեղ կին: Կնոջը ուժեղ է դարձնում գիտելիքը, ֆինանսական անկախությունը և վստահությունը սեփական ուժերի մեջ, այսինքն հավատալ ինքդ քեզ, չվախենալ ձախողումներից: Ես կուզենայի Հայաստանում տեսնել ավելի շատ հենց այսպիսի կանանց:

Ինչքանո՞վ է դժվար համատեղել աշխատանքային ձերքբերումներն ու ընտանիքը:

[Ժպտում է]: Ես կարծում եմ, որ եթե մենք ուզում ենք դա անել, ապա կարողանում ենք համատեղել և կազմակերպել: Իհարկե, ժամանակը սուղ է, բայց հնարավոր է իրականացնել ժամանակի ճիշտ կառավարում ու լինել ավելի արդյունավետ: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ կայացած ծնողները ոգևորիչ օրինակ են երեխաների աչքերում, դա նրանց փոքրուց ուժ է տալիս:

Կպատմե՞ք Ձեր զավակից: Ի՞նչ նախասիրություններ ունի:

Տղաս՝ Գագիկը, 5 տարեկան է: Նա իմ կյանքի ամենալուսավոր կետն է: Իր շնորհիվ ես ամեն օր ուզում եմ ավելին ստեղծել, ավելի լավը լինել: Ցանկանում եմ, որ նա ազնիվ լինի, դրական արժեքների կրող դառնա: Կարևորում եմ Գագիկի զարգացման հետ կապված ուսուցողական խաղերը, բայց նաև որոշ խենթ խաղեր, որ ինքն է նախընտրում: Հիմա նա սիրում է պար և ըմբշամարտ:

Կա՞ կին, ումից ոգեշնչվել եք:

Մայրս, տատիկս. նրանք իմ ամենամոտ ընկերուհիներն են, ամենաճիշտ խորհրդատուներս: Նրանք այն մարդիկ են, ովքեր ինձ հետ հավասար, ինչ-որ տեղ անգամ ինձնից առավել կիսում են դժվարություններս, ձեռքբերումներս, ուրախությունս: Շատ եմ գնահատում մորս ներդրումը իմ կյանքում:

Կա՞ մի բան, որ սովորել եք Ձեր մայրիկից և հիմա բոլոր մայրիկներին խորհուրդ կտայիք անել:

Մայրս հաճախ է ինձ ասում, որ ինձ սիրում է և ինձնով հպարտանում: Ու ես էլ որդուս ամեն օր ասում եմ, որ շնորհակալ եմ, որ նա կա ու որ նա ամենալավն է: Կարծում եմ՝ դա երեխային ներքին ուժ է տալիս: Իսկ երբ դու վստահ ես, որ դու մենակ չես, ամեն խնդիր շատ ավելի հեշտ ես հաղթահարում:

Նշեցիք, որ Ձեր ծնողները արտերկրում են: Այսօր ինչպիսի՞ն եք տեսնում Ձեր և Ձեր զավակի ապագան:

Հայաստանը մեր տունն է: Մենք պարտավոր ենք այն սիրել այնքան, որ ջանք ու եռանդ չխնայենք նրան ոտքի կանգնեցնելու և զարգացնելու համար: Մենք այլընտրանք չունենք, մենք պետք է հաղթահարենք բոլոր դժվարությունները: Ես ինքս արտերկրում որոշ ժամանակ ապրելով հասկացել եմ՝ որքան էլ կայացած լինես, դա քո հողը չէ: Ես մաղթում եմ, որ իմ և մեր բոլորի որդիներն ունենան խաղաղ և զարգացող հայրենիք:

Դաս, որ քաղել եք կյանքում:

Ապրել սիրով: Ես սիրում եմ լավ տրամադրությամբ ապրել, կարևորել այն ինչ ունեմ, այլ ոչ թե տխրել չունեցածի համար: Բաժակը կիսով չափ լիքն է, ու այնքան է լցվելու մինչև թափվի:

Ի՞նչ է սերը:

Ինձ համար` փոխադարձ հարգանք, միմյանց չկորցնելու ձգտում, ինչու չէ՝ կապվածություն:

Ի՞նչ է կյանքը:

Փորձությունների և հնարավորությունների ամբողջություն: Սիրելիների կյանքում ներդրում: Մի քիչ տնտեսագիտորեն` ժամկետային ավանդ, որի տոկոսները կամ հասցնում ենք վայելել, կամ ուղղակի կորցնում ենք:

Ձեր կարգախոսը՝

Ամեն ինչի նկատմամբ սիրով և դրականը տեսնելու ձգտմամբ ապրել:

Սիրու՞մ եք խոհանոց:

Շատ: Շաբաթ և կիրակի օրերն իմ խոհանոցային օրերն են, երբ ժամանակ եմ ունենում տղայիս համար համեղ ուտեստներ պատրաստելու: Երբ որդիս համտեսելիս ասում է, որ շատ համեղ է, դա ինձ մոտիվացնում է նոր բաղադրատոմսեր փորձարկել:

Սիրած ուտեստը`

Հարիսա

Սիրած ֆիլմը՝

«Կովկասի գերուհին»

Սիրած դերասանը՝

Ջորջ Քլունի

Սիրած նկարիչը՝

Լեոնարդո դա Վինչի

Սիրած գիրքը`

Շեքսպիրի «Համլետը»

Սիրած կոմպոզիտորը`

Առնո Բաբաջանյան

Իդեալական տղամարդը՝

Ազնիվ, պայքարող, ուժեղ, չհանձնվող

Ճակատագի՞ր, թե պատահականություն՝

Պատահականություն

Փո՞ղ թե իշխանություն`

Ինքնաբավություն, անձնական կոմֆորտ: