2016թ. սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ ՖԻՆՔԱ ունիվերսալ վարկային կազմակերպության «Գավառ» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը:

Գեղարքունիքի մարզում իր գործունեությունը ՖԻՆՔԱ-ն սկսել է դեռևս 2009 թվականին, երբ մարզի բնակիչներին վարկեր էին տրամադրվում ՖԻՆՔԱ-ի Հրազդան մասնաճյուղի միջոցով: Վարկավորման պահանջն ակնհայտ էր մարզում, սակայն օրեցօր ավելացող հաճախորդներին միայն Հրազդան մասնաճյուղի միջոցով սպասարկելն արդեն անհնարին էր դառնում: Իր հաճախորդներին ավելի մոտ լինելու և նրանց համար առավելագույնս արագ և բարձրակարգ սպասարկում ապահովելու նպատակով`2015 թվականին ՖԻՆՔԱ-ն մասնաճյուղեր բացեց Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Մարտունի և Վարդենիս քաղաքներում: Հերթը Գավառինն էր…

Մասնաճյուղի բացման արարողությանը ներկա էին պատվավոր հյուրեր ՖԻՆՔԱ-ի գործընկեր կազմակերպություններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև ֆինանսական կառույցներից: Մասնաճյուղի բացման արարողությունը ուղեկցվեց հյուրասիրությամբ, շնորհավորանքի խոսքերով և բարեմաղթանքների փոխանակմամբ:

Գեղարքունիքի մարզում ՖԻՆՔԱ-ն սպասարկում է ավելի քան 3000 հաճախորդի, իսկ վարկային պորտֆելը կազմում է մոտ 1,7 մլրդ ՀՀ դրամ` 2016թ. օգոստոսի 31-ի դրությամբ: