ՖԻՆՔԱ-ն ընդլայնում է իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակը` հանդես գալով սոցիալական ուղղվածության նոր ու հետաքրքիր նախաձեռնություններով:
Դեռևս 2015թ-ին ՖԻՆՔԱ-ում միտք էր հղացել կազմակերպության թղթաթափոնների հանձնումից ստացված գումարը բնության պահպանմանը, վերականգնմանը և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանն ուղղելուն: «Ծառ-թուղթ-ծառ» փոխակերպման շղթայի բարելավման ծրագիր էր մշակվել, համաձայն որի կազմակերպությունում օգտագործված թուղթը պետք է վերադարձվեր բնությանը` ծառերի տեսքով` այդպիսով իսկ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը:
Վերջապես այդքան երկար սպասված ծրագիրն իրականություն դարձավ: Համայնքային ծառատունկ ծրագրի շրջանակում «Էյ Թի Փի» (Armenia Tree Project) բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ՖԻՆՔԱ-ի աշխատակիցները ծառատունկ իրականացրին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում: Թիմը համախմբված աշխատանք կատարեց` տնկելով 50 հացենի: Միջոցառումը շատ ոգևորիչ էր և հուսադրող. բնապահպանական ծրագրերի սկզիբը ՖԻՆՔԱ-ում ազդարարված է: