Սեպտեմբերի 5-ին ՖԻՆՔԱ-ն հյուրընկալեց Նեպալի կենտրոնական բանկի՝ Ազգային Ռաստրա բանկի, և Նեպալի ֆինանսների նախարարության ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում էին Business and Finance Consulting-ի (BFC) կողմից կազմակերպված ուսուցողական այցի շրջանակներում: Այցի նպատակն էր տեսնել, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Հայաստանում՝ որպես զարգացող շուկայական տնտեսություն ունեցող երկրում՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար ֆինանսական ծառայություններն ավելի հասանելի դարձնելու ուղղությամբ:

Հյուրերը հատկապես հետաքրքրված էին ՖԻՆՔԱ-ի նորարարական ներքին գործընթացներով և ցանկանում էին տեղում տեսնել, թե ինչպես են մշակվում հայտերն ու տրամադրվում վարկերը: Այցի մասնակիցները ծանոթացան կազմակերպության ՄՓՄՁ, գյուղատնտեսական և սպառողական վարկերի տրամադրման նորարարական մոտեցումներին, այնուհետև այցելեցին ՖԻՆՔԱ-ի Աշտարակ մասնաճյուղ՝ տեղում ծանոթանալու մասնաճյուղի աշխատանքին և պլանշետով վարկավորման նոր մեթոդին: