2013թ. հունիսի 14-ին, տեղի ունեցավ «ՖԻՆՔԱ» Ունիվերսալ Վարկային կազմակերպության «Վանաձոր-1» մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը Վանաձոր քաղաքում: «Վանաձոր -1 » մասնաճյուղը 2-րդ մասնաճյուղն է Վանաձոր քաղաքում և 26-րդը` Հայաստանի Հանրապետությունում:

Նոր վերանորոգված և ժամանակակից տեխնիկայով հագեցած գրասենյակի բացումը համահունչ է կազմակերպության ծրագրերի հետ: Հաճախորդներին հասանելի լինելու նպատակով ՖԻՆՔԱ-ն “Դեպի հաճախորդ” սկզբունքով է իր մասնաճյուղերի ցանցն ընդլայնում Հայաստանում:

Վանաձոր մասնաճյուղի ղեկավար Ստեփան Թորոսյանը և տարածաշրջանային ղեկավար Արթուր Զազյանը հյուրընկալեցին մի շարք պատվավոր հյուրերի գործընկեր կազմակերպություններից, տեղական ինքնակառավարման մարմիններից և ֆինանսական կառույցներից: Ողջույնի խոսքով հանդես եկան «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Երվանդ Բարսեղյանը և Լոռու մարզի փոխմարզպետ Տիգրան Բադոյանը:

Երվանդ Բարսեղյանը ջերմ շնորհակալական խոսք հղեց իր աշխատակիցներին, ում քրտնաջան աշխատանքի և նվիրվածության արդյունքում է, որ կազմակերպությունը մեծ հաջողությունների է հասել:

Բացման արարողությունը շարունակվեց հյուրասիրությամբ և շնորհավորանքի խոսքերի փոխանակմամբ:

Լոռու մարզում ՖԻՆՔԱ-ն իր գործունեությունն սկսել է 2002թ-ից և շարունակաբար ընդլայնում է իր գործունեությունը մարզում: Մասնաճյուղեր է հիմնել Ստեփանավանում, Վանաձորում, ապագա ծրագրերում Ալավերդի և Սպիտակ քաղաքներն են: Այսօր արդեն Լոռու մարզում ՖԻՆՔԱ-Ն ունի 4900 հաճախորդ, իսկ վարկային պորտֆելը կազմում է 1 միլիարդ 400 միլիոն ՀՀ դրամ:

ՖԻՆՔԱ-ն Հայաստանի Հանրապետությունում գործում է 1999 թվականից, երբ կազմակերպությունն ուներ ընդամենը 322 հաճախորդ: Այսօր կազմակերպության հաճախորդների թիվը հասել է 53,066-ի:

Կազմակերպության վարկային պորտֆելը կազմում է 20 միլիարդ 530 միլիոն ՀՀ դրամ: