«Բաց դռների օր» ծրագրի շրջանակում մի շարք ԲՈՒՀ-երի ուսանողներ այցելեցին ՖԻՆՔԱ ՈւՎԿ ՓԲԸ` մասնակցելու ֆինանսական շրջագայության:

Միջոցառման նպատակն էր ուսանողներին հնարավորություն տալ ծանոթանալու ֆինանսաբանկային ոլորտին, տեսնելու ԲՈւՀ-երում ստացած իրենց գիտելիքների գործնական կիրառումը և ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Ֆինանսական շրջագայությունը սկսվեց ՖԻՆՔԱ-ի գլխամասային գրասենյակից: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը, ով պատմեց իր անցած ուղղու մասին և խորհուրդներ տվեց ուսանողներին, թե ինչպես ճիշտ աշխատանքային հարաբերություններ կառուցել:

Այնուհետև ուսանողներին ներկայացվեցին ՖԻՆՔԱ-ի գործունեությունը, ընկերության առաքելությունը, միջազգային բաժնետերերի կազմը, կազմակերպությունում ձևավորված կորպորատիվ արժեքները, ընթացիկ և ապագա ծրագրերը: Ուսանողները նաև շրջեցին կազմակերպությունում և ծանոթացան բաժինների գործառույթներին:

Շրջագայության վերջին կանգառը ՖԻՆՔԱ «Ագաթանգեղոս» մասնաճյուղն էր, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան գործնականում տեսնելու հաճախորդների սպասարկման գործընթացը:

ՖԻՆՔԱ-ում անցկացրած հետաքրքիր ու բովանդակալից օրն ուսանողների համար անակնկալով ավարտվեց. մասնակիցներին հանձնվեցին ՖԻՆՔԱ-ի լոգոյով բաժակներ` որպես կազմակերպության հետ ունեցած դրական և հաճելի փորձառության հուշ: