Սեպտեմբերի 1-ն ամենահուզիչ օրերից է առաջին անգամ դպրոց մտնող փոքրիկների համար: Նրանք մեծ անհամբերությամբ են սպասում այս օրվան, որպեսզի առաջին զանգի ղողանջի ներքո հանդիպեն իրենց առաջին ուսուցչին, ձեռք բերեն նոր ընկերներ և, իհարկե, ստանան բազում գիտելիքներ իրենց խոստումնալից ապագան կերտելու համար:

Համոզված լինելով, որ երեխաներն են մեր երկրի ապագա շարժիչ ուժը` ՖԻՆՔԱ-ն իր սոցիալական պատասխանատվության նախագծերից մեկի` «Անհոգ մանկություն» նախագծի շրջանակներում, արդեն 5 տարի է, ինչ ամեն ուսումնական տարվա սկզբին գեղեցիկ անակնկալներ է մատուցում առաջին դասարանցի փոքրիկներին` նրանց կյանքի այս կարևոր օրն ավելի տպավորիչ ու հիշարժան դարձնելու համար:

Դեռևս թարմ են հիշողություններն անցյալ տարվանից, երբ ՖԻՆՔԱ-ն հոգ տարավ, որ բազմաթիվ առաջին դասարանցիներ Սեպտեմբերի 1-ին մուտք գործեն գեղեցիկ վերանորոգված դասասենյակներ: Իսկ այս տարի ՖԻՆՔԱ-ի անձնակազմը մեկ այլ հաճելի անակնկալ մատուցեց Հայաստանի Հանրապետության մարզերի առաջին դասարանցիներին: Իր «Անհոգ մանկություն» նախագծի ողջ ընթացքում ՖԻՆՔԱ-ն մեծ ուշադրություն է դարձրել նաև հատուկ նշանակության դպրոցների, մանկատների և գիշերօթիկ դպրոցների երեխաներին, քանի որ համոզված է` այս երեխաներն ամենից շատն են զգում ուշադրության և հոգատարության կարիքը: Այս անգամ ևս ՖԻՆՔԱ-ի անձնակազմն այցելեց այս դպրոցներ և իր ջերմությունն ու քնքշանքը փոխանցեց երեխաներին:

ՖԻՆՔԱ-ն Սեպտեմբերի 1-ն ավելի հիշարժան ու գեղեցիկ դարձրեց Հայաստանի Հանրապետության ավելի քան 2000 երեխաների համար` նվիրելով նրանց ՖԻՆՔԱ-ի գույներով և լոգոյով դպրոցական պայուսակներ: Արդեն Սեպտեմբերի 1-ի հանդիսավոր միջոցառմանը առաջին դասարանցիները ներկայացել էին հենց այս պայուսակներով, իսկ նրանց ձեռքին ծածանվում էին ՖԻՆՔԱ-ի փուչիկները, որը օրն ավելի տոնական և պայծառ էր դարձնում:

Իրենց կյանքի այդքան սպասված փուլն անսպասելի սկսվեց նվերներ ստացած այս փոքրիկների համար, որոնք, հուզմունքից և ուրախությունից փայլող աչքերով, խոստացան ամեն ինչ անել մեր երկրի համար արժանի քաղաքացի լինելու համար: