Հայաստանի գյուղատնտեսության վարկավորման ծրագրի շրջանակներում (FASA), ՖԻՆՔԱ-ն գործարկում է գյուղացիական տնտեսությունների ֆինանսավորման նորարարական մոտեցում:
Առաջին անգամ Հայաստանում վարկավորման գործընթացը իրականացվում է արժեշղթայի ֆինանսավորման մեթոդի միջոցով (value chain financing): Այս նպատակով ՖԻՆՔԱ-ն մշակել է նոր` «Բերրի» վարկատեսակը` նախատեսված գյուղատնտեսությամբ զբաղվող այն անձանց համար, ում ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ սերմերի, պարարտանյութերի, փոքր գյուղատնտեսական սարքավորումների և այլ անհրաժեշտ միջոցների ձեռք բերման համար:
Ի տարբերություն ավանդական վարկավորման, ֆինանսավորման այս մեթոդը ենթադրում է եռակողմ համագործակցություն, որի պարագայում ՖԻՆՔԱ-ն հաճախորդի վարկը` ձեռք բերվող գյուղատնտեսական ապրանքների արժեքի չափով, անմիջապես փոխանցում է գյուղատնտեսական միջոցներ վաճառող կազմակերպությանը: Այսպիսի համագործակցությունը շահավետ է արժեշղթայի բոլոր մասնակիցների համար:
Պարարտանյութեր և այլ գյուղատնտեսական միջոցներ ձեռք բերելու համար հնարավոր է ստանալ 75 000 – 1 500 000 ՀՀ դրամ վարկ` 0- 6 % տարեկան տոկոսադրույքով, ընդ որում` մինչև 6 ամիս ժամկետով վարկ վերցնելու դեպքում գործում է 0% տոկոսադրույք: Վարկը տրամադրվում է 6-12 ամսով` 3% վարկի տրամադրման վճարով: Վարկի ձևակերպման հետ կապված գործընթացները հեշտացված և պարզեցված են. բիզնես վայրի այցելություն չի իրականացվում, մինչև 750 000 ՀՀ դրամ վարկերի համար երաշխավորներ չեն պահանջվում, իսկ ավելի մեծ վարկ ստանալու համար բավարար է ընտանիքի մեկ անդամի երաշխավորությունը:
Հայաստանի գյուղատնտեսության վարկավորման ծրագիրը վարկավորման և տեխնիկական աջակցության ծրագիր է, որը ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) և կառավարվում է KFW զարգացման բանկի և Գերմանահայկական հիմնադրամի (ԳՀՀ) կողմից: Ծրագիրը միտված է նպաստելու Հայաստանի գյուղական վայրերի զարգացմանը, բարձրացնելու գյուղատնտեսների համար ֆինանսական ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաև բարելավելու գյուղվարկավորմամբ զբաղվող բանկերի և վարկային կազմակերպությունների կարողությունները:
Սա Հայաստանի գյուղատնտեսության վարկավորման ծրագրի արդեն երկրորդ նախաձեռնությունն է, որին ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ն մասնակցություն է ցուցաբերում: Առաջին ծրագրի մեկնարկը տրվեց 2015 թ. վերջին` «Ծրագրային Ագրո» վարկի ներդնմամբ: