2017 թ–ի նոյեմբերի 14-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Ասիական Զարգացման Բանկի և ՖԻՆՔԱ ՈՒՎԿ–ի միջև տեղի ունեցավ վարկային պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողություն, ըստ որի Ասիական Զարգացման Բանկը ՖԻՆՔԱ–ին կտրամադրի 6 մլն ԱՄՆ դոլարի վարկ և 200.000 ԱՄՆ դոլարի տեխնիկական աջակցության դրամաշնորհ:

Ասիական Զարգացման Բանկի կողմից տրամադրված ֆինանսավորումը գալիք տարիների ընթացքում կապահովի ՖԻՆՔԱ ՈՒՎԿ–ին անհրաժեշտ դրամական միջոցներով, որոնք ՖԻՆՔԱ–ն կուղղի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների և ֆերմերների եկամուտների մակարդակի և զբաղվածության բարձրացմանը՝ առաջարկելով իր հաճախորդներին վարկեր և´ դրամով, և´ ԱՄՆ դոլարով:

Նախաձեռնության հիմնական նպատակն է ֆինանսական ծառայություններն էլ ավելի հասանելի դարձնել միկրո և փոքր բիզնեսներին՝ նպաստելով դրանց զարգացմանը, ինչը կհանգեցնի նոր աշխատատեղերի ստեղծմանը և իր բարերար ազդեցությունը կունենա ընդհանուր տնտեսության վրա: ՖԻՆՔԱ-ն, ֆինանսավորելով ցածր եկամտաբերություն ունեցող գործարարներին, իր մասնաճյուղերի լայն ցանցի շնորհիվ շեշտը կդնի հատկապես գյուղական համայնքներում գործունեություն ծավալած անհատներին ֆինանսական ծառայություններ մատուցելու կարևորագույն խնդրի վրա: Այսպիսով կներդրվի մի համակարգ, որը կնպաստի բնակիչների ֆինանսական ինտեգրմանը` անկախ նրանց գործունեության վայրից: Հատկանշական է, որ վարկի տրամադրման առաջնային նպատակը և ՖԻՆՔԱ առաքելությունը, որն է հիմնավոր լուծումների միջոցով հաղթահարել աղքատությունը՝ օգնելով մարդկանց ստեղծել ակտիվներ, նոր աշխատատեղեր և բարելավել իրենց ապրելակերպը, ներդաշնակորեն փոխլրացնում են միմյանց:

«Հայաստանի տնտեսության հետագա զարգացումը մեծապես կախված է մասնավոր հատվածի զարգացման դինամիկայից, այսպիսով երկրի բարգավաճումը ապահովելու համար անհրաժեշտ է բիզնեսներին առաջարկել ֆինանսավորման ճիշտ լուծումներ, – նշում է Ասիական Զարգացման Բանկի Մասնավոր Հատվածի գործառնական վարչության գլխավոր տնօրենի տեղակալ Քրիստոֆեր Թիեմեն,- Ասիական Զարգացման Բանկը հպարտ է աշխատել ՖԻՆՔԱ–ի հետ և հասցնել ֆինանսական ծառայություններն այն տարածաշրջաններ, որտեղ ֆերմերային և տնային տնտեսությունները դեռևս ունեն դրանց հասանելիության խնդիրը»:

«ՖԻՆՔԱ–ն և Ասիական Զարգացման Բանկը համընդհանուր մոտեցում ունեն աղքատության դեմ պայքարի և բնակչության կենսամակարդակի բարձրացման հարցում: Այսպիսով համագործակցությունը Ասիական Զարգացման Բանկի հետ հատկապես լավ հնարավորություն է ՖԻՆՔԱ–ի համար իրականացնելու ցածր եկամուտ ունեցող բիզնեսներին բարձրորակ ֆինանսական ծառայություններ մատուցելու իր ձգտումը: Ներգրավված դրամական միջոցների զգալի հատվածը կուղղվի գյուղ վարկերի պորտֆելի ընդլայնմանը».– նշում է ՖԻՆՔԱ ունիվերսալ վարկային կազմակերպության գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը:

Ասիական Զարգացման Բանկը նաև տեխնիկական աջակցություն կցուցաբերի ՖԻՆՔԱ-ին` օգնելով ներդնել վարկային սքորինգի նոր համակարգ և ստանալ ֆինանսական կազմակերպություններում հաճախորդների պաշտպանությանն ուղղված միջազգային “SMART” ծրագրի հավաստագիր: