Այս տարի Գիտելիքի օրվան հաջորդող շաբաթը ՖԻՆՔԱ-ում ֆինանսական գրագիտության շաբաթ է: Դպրոցականների շրջանում ֆինանսական գրագիտությունը խթանելու նպատակով Հայաստանի բոլոր մարզերում անցկացվում են ֆինանսական խաղ-մրցույթներ, որոնց արդյունքում աշակերտները ձեռք են բերում անձնական ֆինանսները կառավարելու բազային կարողություններ:

Միջոցառումների շարքի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 2-ին՝ Արարատի մարզի Նոյակերտ գյուղի միջնակարգ դպրոցից, և շարունակվելու է մինչև սեպտեմբերի երկրորդ շաբաթը: Գիտելիքի օրվա այս արշավին մինչ այժմ միացել է 24 դպրոց՝ Հայաստանի ողջ տարածքից:

Խաղը հատուկ մշակվել է դպրոցականների համար ՀՀ Կենտրոնական բանկի կողմից և կոչվում է «Բյուջետիկ»: «Բյուջետիկ»-ը թիմային ֆինանսական խաղ է, որը սովորեցնում է վարել անձնական բյուջե, խելամիտ գնումներ կատարել և խնայողություններ անել: Մրցույթում հաղթում է ամենաճիշտ որոշումներ կայացրած և ամենաշատ խնայողություն ունեցող թիմը: