ՖԻՆՔԱ Հայաստանը մաս է կազմում 18 ֆինանսական հաստատություններից և բանկերից կազմված ՖԻՆՔԱ Իմփեքթ Ֆայնենս ցանցի, որը մատուցում է սոցիալապես պատասխանատու ֆինանսական ծառայություններ և հնարավորություն ընձեռում ցածր եկամուտ ունեցող անձանց և համայնքներին ներդրում կատարելու իրենց ապագայում: ՖԻՆՔԱ ցանցի հիմնական բաժնետերը Վաշինգտոնում գործող ՖԻՆՔԱ Ինթերնեշնլ ոչ առևտրային կազմակերպությունն է:

ՖԻՆՔԱ Հայաստանը հիմնադրվել է 1999 թվականին որպես ոչ առևտրային կազմակերպություն և ֆինանսական ծառայություններ է մատուցել ցածր եկամուտ ունեցող ձեռնարկատերերին: Գործունեությունը սկսելով Երևանում գտնվող մեկ գրասենյակից՝ ՖԻՆՔԱ Հայաստանը կարճ ժամանակում վերածվել է մի հաստատության, որը ֆինանսական հասանելիություն է ապահովում ամբողջ երկրում:

2006 թվականին կազմակերպությունը գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից որպես «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերություն՝ այսպիսով մուտք գործելով շահույթ հետապնդող ֆինանսական ծառայությունների շուկա: Այդ պահից ի վեր կազմակերպությունը շարունակել է աճել՝ միաժամանակ ապահովելով ինչպես եկամտաբերություն, այնպես էլ դրական սոցիալական ազդեցություն:

Արձագանքելով աճող շուկայի կարիքներին՝ ՖԻՆՔԱ Հայաստանն ընդլայնել է իր ծառայությունների սկզբնական շրջանակը՝ գյուղատնտեսական և բիզնես վարկերին զուգահեռ առաջարկելով նաև մի շարք սպառողական վարկեր, այդ թվում՝ ապառիկ վարկեր և ավտոմեքենայի ապահովագրության վարկավորում:

Հաճախորդներին մշտապես հավելյալ արժեք և բարձրակարգ սպասարկում ապահովելու սկզբունքն օգնել է կազմակերպությանն առաջատար դիրք զբաղեցնել հայկական շուկայում և պահպանել այս դիրքը: Գելլափ Ինթերնեշնլի կողմից իրականացված հանրային հարցումների արդյունքում 2013-2016 թվականներին` չորս տարի անընդմեջ, ՖԻՆՔԱ Հայաստանը ճանաչվել է «Հայաստանում լավագույն վարկային կազմակերպություն»:

2018 թվականին, ՖԻՆՔԱ Իմփեքթ Ֆայնենսի թվային ռազմավարության շրջանակներում, ՖԻՆՔԱ Հայաստանը սկսեց ակտիվ քայլեր ձեռնարկել ծառայությունների թվայնացման ուղղությամբ: Կազմակերպությունը գործարկեց Առցանց վարկային դիմումի (OLA) համակարգը, որը հաճախորդներին հնարավորություն է տալիս մինչև 500 000 ՀՀ դրամի չափով վարկերի համար դիմել բջջային հեռախոսի, համակարգչի կամ պլանշետի միջոցով՝ առանց մասնաճյուղ այցելելու: Իսկ 2019 թվականին ՖԻՆՔԱ Հայաստանը ներդրեց պլանշետով վարկավորման նոր մեթոդը, որի շնորհիվ հաճախորդները կարող են ավելի մեծ չափով վարկերի համար դիմել իրենց հարմար վայրում և որոշումը ստանալ հաշված րոպեների ընթացքում:

2018 թվականի դեկտեմբերին ՖԻՆՔԱ-ն դարձավ Հայաստանում առաջին կազմակերպությունը, որին շնորհվել է Smart հավաստագիր առ այն, որ ընկերությունը լիովին համապատասխանում է հաճախորդների պաշտպանությանն ուղղված բարձր պահանջներին, որոնք սահմանվել են միկրոֆինանսավորման ոլորտում հաճախորդների պաշտպանությունը սատարող Smart Campaign միջազգային նախաձեռնության կողմից: